Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն, համայնքի ղեկավարի ՔՊ-ի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է |armenpress.am|
16:20 - 12 հունիսի, 2025

Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն, համայնքի ղեկավարի ՔՊ-ի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է |armenpress.am|

armenpress.am:  Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ համայնքի ղեկավարի թեկնածուն կլինի Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։ 

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

Անդրադառնալով Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորելու որոշմանը՝ Խուդաթյանն ասել է, որ խոշոր համայնքային միավորների կառավարումն ավելի հեշտ է և արդյունավետ։ «Մենք փորձում ենք այս նույն ձևով Վաղարշապատ համայնքը բերել նույն տրամաբանության մեջ, որով աշխատում են հանրապետության մյուս համայնքները։ 

«Միավորման գործընթացը շատ տեղերում փուլային ենք անում։ 2026 թվականին էլ լինելու են համայնքներ, որոնք միավորվելու են, ինչպես 2021 թվականին են եղել համայնքներ, որոնք միավորվել են։ Սա շարունակական գործընթաց է»,- մանրամասնել է նա։

Հարցին, թե ինչո՞ւ են որոշել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել հենց Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը, նախարարը պատասխանել է. «Պարոն Մեխակյանը լավագույն թեկնածուն է Վաղարշապատ համայնքի համար։ Նա, թերևս, միակ մարդն է, որ մասնակցել է կառավարման պրոցեսին և՛ որպես Խոյ համայնքի ղեկավար, և՛ որպես Վաղարշապատ համայնքի դեկավարի տեղակալ։ Նա քաջատեղյակ է համայնքի խնդիրներին։ Ես կարծում եմ, որ էջմիածինցիները, Խոյ համայնքի բնակիչներն ավելի լավ ընտրություն չունեն, քան Արգիշտի Մեխակյանն է»,-նշել է Խուդաթյանը՝ հավելելով, որ իշխող կուսակցության վարչությունը որոշում ունի, որ Վաղարշապատ համայնքի առաջիկա ընտրություններում Արգիշտի Մեխակյանը գլխավորելու է կուսակցության ցուցակը։ 

Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել