Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր Աթոռ
09:57 - 19 հունիսի, 2025

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։  

«Քիչ առաջ տեղյակ դարձանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին, որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ։

Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է՝ նպատակ ունենալով վախի ու սպառնալիքի կիրառմամբ Հայոց Եկեղեցուն զրկելու հավատավոր իր հոտի աջակցությունից։

Խստորեն դատապարտելով ամոթալի այս վարքագիծը՝ գնահատում ենք այն որպես հարված ինչպես Հայաստանի Հանրապետության վարկին ու հեղինակությանը, այնպես և Հայոց Եկեղեցուն։

Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին և Կարապետյան ընտանիքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունն ու պահպանությունը նրանց»,- նշված է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ երեկ դատարանը Կարապետյանին կալանավորելու ՔԿ միջնորդությունը մոտ 4 ժամ  քննելուց և ևս մի քանի ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո որոշում կայացրեց Սամվել Կարապետյանին երկու ամիս կալանավորել։ 

Հիշեցնենք նաև, որ Սամվել Կարապետյանը ավելի վաղ եկեղեցուն աջակցություն էր հայտնել՝ նշելով․ «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Նիկոլ Փաշինյանը կոշտ գրառումներով էր արձագանքել գործարարի հայտարարությանը՝ նշելով․ «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Այս հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց Կարապետյանի առանձնատանը։ Ուշ գիշերին արդեն Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ դուրս է եկել տնից և հեռացել մեքենայով։ Այնուհետև հայտնի դարձավ, որ նրան  մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել