Ես Հայ Առաքելական Եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չէի կարող, չեմ կարող և պատերազմ չեմ հայտարարել: Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, որոնք խախտում են Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագիրքը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, մեր ավանդույթները: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իր խնդիրը՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ, եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին և հոգևոր արմատներին:
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, նշեց՝ տարածաշրջանում իրադրությունը շատ բարդ է, և այդ իսկ պատճառով այդ իրադարձություններից ի վեր ինքը ներքաղաքական հարցերով առանձնապես չէր արտահայտվում, սակայն դա չէր նշանակում, որ մյուսները այդ պասիվությունը պետք է օգտագործեին լկտի հարձակումներ գործելու համար:
«Լկտի հարձակումները համարժեք պատասխան կստանան: Հույս ունեմ՝ արդեն համոզվել եք»,- հայտարարեց վարչապետը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք նա ունի՞ հիմքեր կուսակրոնության թեմայով Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելու համար, վարչապետը ասաց, որ եթե ինքը խոսում է, ապա ունի ապացույցներ:
«Դուք չե՞ք նկատել, որ իրենք չեն վիճարկում իմ հայտարարությունները: Ես առաջարկել էի՝ եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ, և այդ ապացույցները կարող են ներկայացվել, կամ այլ ձևով կարող են այդ ապացույցները ներկայացվել: Իմ դիրքորոշումներն ամբողջությամբ հիմնված են Հայ Առաքելական Եկեղեցու իրավական կանոնների վրա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Եկեղեցու դեմ հայտարարությունների պատճառով հնարավոր բախումների հավանականությանը, վարչապետը նշեց՝ անհեթեթ է համարում բախումների մասին խոսակցությունները:
«Դա կատարյալ անհեթեթություն եմ համարում: Մենք բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում, և այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների և քայլերի վրա: Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հոտն ինքը կմերժի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ցուցադրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանոնագիրք հայոց» գրքերը՝ նշելով, որ դրանցում են սահմանված Եկեղեցու կանոնները դեռևս 356 թվականի Աշտիշատի ժողովից սկսած, որում ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը կարգալույծ է արվում:
«Դա ոչ թե ես եմ ասում, այլ դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով ու պատգամով»,- ասաց Փաշինյանը:
comment.count (0)