Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլիզմի վերջը
17:45 - 12 հունիսի, 2025

Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլիզմի վերջը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ուղղված կոշտ հայտարարություններին։ Առաջին նախագահի հայտարարությունը հրապարակվել է ilur.am-ում։

«20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման եւ հայկական դպրոցների փակման մասին։ 

Դա բողոքի եւ ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձեւավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը։

Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»,- ասված է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է ֆեյսբուքյան գրառումներով թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ անդրադառնալով կուսակրոնության ուխտին։ Վերջին մի քանի օրերի գրառումները վերաբերում են Ամենայան Հայոց Կաթողիկոսին և նրա զավակն ունենալուն՝ պնդելով, որ կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից։ Մայիսի 10-ին էլ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց ստեղծել Համակարգող խումբ՝ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։ 

Գերագույն հոգևոր խորհուրդը այս ընթացքում վարչապետի հայտարարություններին անդրադարձել է մեկ անգամ՝ կոչ ուղղելով իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ «Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին»,- նշված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել