Դամասկոսի եկեղեցում ահաբեկչության հետևանքով 22 մարդ է զոհվել |civilnet.am|
11:42 - 23 հունիսի, 2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչության հետևանքով 22 մարդ է զոհվել |civilnet.am|

civilnet.am: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում՝ Դվեյլա թաղամասում, ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն Մար Եղիա եկեղեցում պատարագի ժամանակ։ Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ տասնյակները։

Պաշտոնյաները նշում են, որ մահապարտը «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է եղել։ Նա նախ կրակել է եկեղեցում գտնվող մարդկանց վրա, ապա պայթեցրել իրեն։

Պետական «ՍԱՆԱ» գործակալությունը հայտնել է առնվազն 63 վիրավորի մասին։ Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ զոհերի թվում կան նաև երեխաներ։

Զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան։ Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթը։

Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանը խստորեն դատապարտել է Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը կիրակնօրյա աղոթքի ժամանակ բազմաթիվ կյանքեր է խլել, տասնյակ մարդկանց վիրավորման պատճառ դարձել։

Սա նմանատիպ առաջին հարձակումն է Սիրիայում վերջին տարիներին։ Այն տեղի է ունենում երկրի նոր ղեկավար՝ նախագահ Ահմեդ ալ-Շարայի ժամանակավոր կառավարության ձևավորման փուլում։

14 տարվա պատերազմի հետևանքով Սիրիայում հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել, միլիոնավորները՝ տեղահանվել։ Չնայած այդ վնասներին՝ Սիրիան վերջին ամիսներին սկսել է վերականգնել իր կապերը միջազգային հանրության հետ՝ հատկապես այն բանից հետո, երբ 2024-ի դեկտեմբերին հեռացվեց նախագահ Բաշար ալ-Ասադը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այդուհետ սկսեցին վերացնել մի շարք պատժամիջոցներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել