Իսրայելը Բաքվում ուղիղ և միջնորդավորված բանակցություններ է վարել Սիրիայի և Թուրքիայի պաշտոնյաների հետ
 |1lurer.am|
12:40 - 16 մայիսի, 2025

Իսրայելը Բաքվում ուղիղ և միջնորդավորված բանակցություններ է վարել Սիրիայի և Թուրքիայի պաշտոնյաների հետ |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի «12-րդ ալիքը» հաղորդում է, որ տեղի է ունեցել բանակցությունների երկու փուլ։ Դրանցից մեկը անցկացվել է Ադրբեջանում, որտեղ Իսրայելը ներկայացրել է ՑԱՀԱԼ-ի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Օդեդ Բասիուկը։ Հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի կառավարության և Թուրքիայի ներկայացուցիչներ։

Աղբյուրների տվյալներով՝ Իսրայելը ներկայումս բանակցություններ է վարում նաև Սիրիայի իշխանությունների հետ՝ «Աբրահամյան համաձայնագրերին» Դամասկոսի հնարավոր միացման հարցի շուրջ: Միջնորդը Արաբական Միացյալ Էմիրություններն է:

Նախօրեին Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային ուղղակիորեն հրավիրել է միանալ այս համաձայնագրերին։ Ավելի ուշ Air Force One ինքնաթիռում Թրամփը լրագրողներին ասել է. «Ես ալ-Շարաային ասացի, որ հուսով եմ՝ Դուք կմիանաք, երբ կայունանաք։ Եվ նա պատասխանեց՝ այո։ Բայց նրանք դեռ շատ աշխատանք ունեն անելու»։

«12-րդ ալիքը» նշում է, որ այժմ Իսրայելը դիտարկում է Իրանի ազդեցության ոլորտից Սիրիայի դուրս գալու հեռանկարը և ԱՄՆ-ի հետ նրա հնարավոր մերձեցումը: Իսրայելական աղբյուրների գնահատմամբ՝ իրադարձությունների նման զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վրա, քանի որ Անկարան մասնակցում է նոր բանակցություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել