Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը |armtimes.com|
05:01 - 14 հոկտեմբերի, 2019

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը |armtimes.com|

armtimes.com: Սիրիայում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ կապված հայտարարություններ է արել նաեւ Գերմանիան:

Deutsche welle պարբերականը հայտնում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ ղեկավար Խայկո Մաասը հայտարարել է, որ դադարեցրել է զենքի արտահանումը Անկարա:

«Հաշվի առնելով Սիրիայի հյուսիս-արեւելքում կատարվող թուրքական հարձակումները՝ ԳԴՀ կառավարությունն այլեւս չի տա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվություն, որը Թուրքիան կարող է օգտագործել Սիրիայում»,- նշել է արտգործնախարարը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն արձագանքել է Գերմանիայի որոշմանն ու հայտարարել, որ իրենք դժվար թե տուժեն զենքի արտահանման դադարեցումից. Ֆրանսիայի ու Գերմանիայի որոշումը միայն ամրապնդելու է իրենց երկիրը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա կոչ է արել Էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները եւ անցնել բանակցությունների: Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ Ջոնսոնը խոսակցության ընթացքում պարզ հասկացրել է, որ Մեծ Բրիտանիան չի աջակցելու Թուրքիային՝ Սիրիայի հարցում:

«Անհապաղ դադարեցրեք ռազմական գործողությունները Սիրիայում»: Այս մասին էլ այսօր Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Կանցլերն Էրդողանին ասել է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ պատճառներ ուներ Թուրքիան՝ ռազմական հարձակում սկսելու համար, այս պահին առկա իրավիճակը Սիրիայում կհանգեցնի հսկայական միգրացիայի ալիքի, տարածաշրջանում ապակայունացման եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման:

Պաշտոնական Բեռլինը հայտարարել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել