Մաս երկրորդ
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ասուլիս էր հրավիրել, որտեղ Ամուլսարի մասին խոսելիս արեց այն, ինչը վաղուց էր սպասվում՝ Ամուլսարի հարցում Կառավարության ամոթալի ձախողումների պատասխանատվությունը ինչ-որ մեկի վրա բարդելու գործը: Դա շատ ընթերցվող գործողություն էր՝ տեսնելով, թե ինչպես են վերջին մեկ ամսվա ընթացքում Կառավարության տարբեր օղակներ՝ փոխվարչապետ, բնապահպանության նախարար, Քննչական կոմիտե, հապճեպորեն իրար վրա բարդում այս ձախողման տարբեր բաղադրիչները՝ լիբանանյան «ԷԼԱՐԴ» ընկերության ընտրության հարցում պատասխանատվությունից մինչև այդ ընկերության համար տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ հարցեր: Ու քանի որ նշածս բոլոր պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել և այս հարցում միմյանց հետ սերտորեն փոխկապակցված են, կարծես թե որոշել են Կառավարության ձախողումների պատճառները փնտրել՝ իրենց շրջանակից դուրս մեղավորներ փնտրելով, և ոչ թե վերևում նշված գործողություններում ակնհայտ կոռուպցիոն ռիսկերը գնահատելով:
Մասնավորապես, Ամուլսարի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան, վարչապետ Փաշինյանը շատ կանխատեսելիորեն մատնանշեց մի քանի հանգամանքներ, որից պարզ է, թե ու՞մ վրա են փորձում բարդել Կառավարության փնթի ձախողումները: Հերթով նշեմ նրա մտքերը, որ հերթով անդրադառնամ. Ամուլսարում ստուգում իրականացնելուց առաջ ինքը տեսչության պետ էր նշանակել կարկառուն բնապահպաններից մեկին (ինձ է ակնարկում), ով ուներ ա/ բոլոր լիազորությունները ստուգման արդյունքում լուրջ խախտումներ վեր հանելու համար, բ/ այդ ընթացքում նրա վրա չի եղել ոչ մի ճնշում, գ/ նա գնացել ու գտել է ինչ-որ թիթեռ, որը վարչապետի համար ծիծաղելի էր: Վերջում էլ ասաց, որ մեկ տարի աշխատելու ընթացքում տեսչությունն ուրիշ ոչ մի հանքավայրում ստուգում չի արել: Ճնշումների մասին կխոսեմ հաջորդ հոդվածում, որ ընթերցողին շատ չխճճեմ, այստեղ խոսենք տեսչության «բոլոր լիազորությունների» ու դրանից բխող՝ տեսչական ստուգման արդյունքների մասին:
Հիշեցնեմ, որ ուղիղ յոթ ամիս գլխավորել եմ Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որի ընթացքում տեսչությունը ստուգում է իրականացրել Ամուլսարում ու կայացրել որոշում այն մասին, որ ներկայիս փաստաթղթերով Ամուլսարի հանքավայրի շահագործումն անօրինական է: Այդ ընթացքում ստուգել ենք ևս երկու մետաղական հանքավայր՝ Ազատեկը, որի գործունեությունը դադարեցրել ենք ու Քաջարանը, որի վերաբերյալ չհասցրեցի ստուգման արդյունքներով որոշում ընդունել, քանի որ աշխատանքից ազատեցին: Այս հոդվածով կանդրադառնամ միայն Ամուլսարի հանքավայրում իրականացված ստուգման մանրամասներին: Ազատեկի ու Քաջարանի ստուգումներն իրենց բնույթով ու արդյունքներով էապես տարբերվում են Ամուլսարից այն պարզ պատճառով, որ ի տարբերություն Ամուլսարի, մյուս երկուսում ստուգման ժամանակահատվածում իրականացվել էր փաստացի ընդերքօգտագործում: Ասեմ նաև, որ միայն Քաջարանի հանքավայրը այնպիսի հսկա արդյունաբերական ձեռնարկություն է, որը կազմում է Հայաստանի ամբողջ հանքարդյունաբերության շուրջ 90 տոկոսը: Քաջարանում ստուգումն իրականացվել է չորսուկես ամիս: Արդյունքների վերաբերյալ հետևությունները մեկ այլ առիթով կներկայացնեմ:
Տեսչության լիազորությունների շրջանակը ստուգում իրականացնելիս
Ցանկացած պետական մարմին՝ այդ թվում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ունեն իրենց գործունեության համար սահմանված գործողությունների սահմանափակ շրջանակ, որոնք սահմանված են օրենսդրությամբ և տեսչության համար ընդունված կանոնադրությամբ: Այդ լիազորություններից դուրս գալն անթույլատրելի է: Լիազորություններն անցնելով գործողություն կատարելու համար պետական պաշտոնյաները կարող են ենթարկվել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության, իսկ նրանց ընդունած որոշումները կչեղարկվեն:
Ի թիվս տեսչության լիազորությունների շրջանակը կարգավորող օրենքների, բուն ստուգման գործընթացը կարգավորված է Կառավարության որոշմամբ ընդունված ստուգաթերթերով: Նշածս ստուգաթերթերը բազմաթիվ են և ունեն թեմատիկ բնույթ, օրինակ՝ մետաղական հանքավայրերի արդյունահանման համար ստուգաթերթ, հանքային ջրերի ստուգաթերթ և այդպես շարունակ: Ստուգաթերթն իրենից ներկայացնում է նորմատիվ իրավական ակտ, որտեղ սպառիչ կերպով սահմանված են ստուգման ընթացքում ուսումնասիրման ենթակա հարցերի սպառիչ շրջանակը, ինչպես նաև օրենսդրության նորմը, որը կարգավորում է տվյալ գործունեությունը, ինչպես նաև մեթոդը, որով իրականացվում է ստուգումը: Օրինակ, ստուգման ենթակա հարցերից է՝ «Օգտակար հանածոների արդյունահանման համար առկա են ջրային ռեսուրսների օգտագործման, հեռացվող կեղտաջրերի թույլտվությունները» կամ «Շահագործման ընթացքում հանքաքարի փաստացի աղքատացումը համապատասխանու՞մ է օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով սահմանվածին»: Հարցերին պետք է մեխանիկորեն պատասխանել՝ այո, ոչ կամ չի վերաբերում: Ստուգաթերթում նշված հարցերը կամայական չեն, դրանցից յուրաքանչյուրը բխում է ինչ-որ իրավական ակտի պահանջներից, որը տնտեսվարողը պետք է ապահովի իր գործունեության ընթացքում: Ստուգաթերթի յուրաքանչյուր հարցի տակ սահմանված է նաև մեթոդը, որով պետք է իրականացվի ստուգումը՝ չափագրում, տեսազննում, տեղորոշում, փաստաթղթային ուսումնասիրություն և այլն:
Այս ամենը նկարագրեցի նրա համար, որ պարզ դառնա, թե ինչ աստիճան սահմանափակ է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակը, ու սա դեռ միայն օրենսդրությամբ, համակարգային ճնշումների մասին կխոսենք հաջորդիվ: Գործնականում ընդունված է, որ ստուգում իրականացնելով՝ տեսչությունը պետք է պարզի, թե որքանո՞վ է տնտեսվարողի գործունեությունը համապատասխանում նրան տրված թույլտվությունների պայմաններին: Եթե չի համապատասխանում, ապա խախտման բնույթին համարժեք պետք է կիրառվեն պատասխանատվության միջոցներ՝ վնասի հատուցման պահանջից մինչև գործունեության դադարեցման պահանջ: Ճիշտ է, այստեղ կա որոշակի վերապահում. օրենսդրության համաձայն, տեսչությունը պետք է ստուգի գործունեության համապատասխանությունը օրենսդրության նորմերին, ոչ թե թույլտվության պայմաններին, քանի որ թույլտվություններն ինքնին կարող են չհամապատասխանել օրենքի պահանջներին, սակայն սա այլ քննարկման հարց է: Այս սահմանափակումներն են պատճառը, որ տեսչությունը ստուգման ընթացքում լիազորություն չունի կասկածի տակ դնել նախարարության տված փորձաքննական եզրակացության հիմնավորվածությունը: Ստուգաթերթից դուրս կարելի է գնահատել միայն նոր էկոլոգիական գործոնի առկայության հարցը. օրինակ, ստուգման արդյունքում բացահայտվել են կենսաբազմազանության նոր տեսակներ, որոնք ներկայացված չեն եղել ՇՄԱԳ-ում, ուստի և չեն ներկայացվել փորձաքննության, որպեսզի պարզվի դրանց վրա ազդեցության թույլատրելիությունը: Այս մասին դեռ շատ կխոսենք:
Փորձեցի տեսչության լիազորությունները ներկայացնել ամենամատչելի եղանակով: Այսինքն, մի բան է ջրերի վրա ազդեցությունը ստուգել ամբողջ թափով աշխատող Քաջարանի հանքավայրում, որտեղ կարող ես անել չափագրումներ, ջրի փորձանմուշներն ուղարկել լաբորատոր հետազոտության, և միանգամայն այլ բան՝ շինարարության փուլում գտնվող Ամուլսարում, որտեղ փաստացի գործունեության բացակայության պատճառով դու չես կարող ջրերի վրա փաստացի ազդեցությունը ստուգել այն պատճառով, որ չշահագործվող հանքում այդպիսի ազդեցություն դեռևս չկա:
Հակիրճ նկարագրեմ նաև ստուգում իրականացնելու կարգը. այն կազմված է երկու առանձին վարույթներից՝ բուն ստուգման գործընթացը, որի ընթացքում տեսուչներն ու ստուգման գործընթացում տեսչության ղեկավարի հանձնարարականով ներգրավված այլ մասնագետներ իրականացնում են նեղ մասնագիտական գործառույթներ, և ստուգման արդյունքների ամփոփման վարույթը, որի ընթացքում տեսչության ղեկավարը, իրավաբանական բաժնի և այլ աշխատակիցների հետ քննարկելով, ընդունում է ստուգման արդյունքներից բխող որոշումներ:
Ըստ բացահայտված իրավախախտման բնույթի, ստուգման արդյունքների ամփոփման փաթեթը բաղկացած է ոչ միայն ստուգման ակտից, այլև դրա հիման վրա ընդունվող մի շարք այլ փաստաթղթերից՝ ընկերությանը ներկայացվող վնասի հատուցման պահանջ, ընկերության տնօրենին ներկայացվող պահանջ՝ սահմանված որոշակի ժամկետում խախտումները վերացնելու վերաբերյալ, իրավապահ մարմիններին ուղարկվող նյութեր՝ իրավախախտման հնարավոր քրեաիրավական բովանդակության առկայությունը գնահատելու համար, հարկային մարմնին ուղարկվող փաստաթղթեր՝ բնապահպանական հարկերի վերաբերյալ, ինչպես նաև այլ պետական մարմիններին ուղարկվող միջնորդագրեր ու առաջարկություններ (օրինակ՝ ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ) և այլն: Այս ցանկում հարկ է առանձնացնել ևս մի փաստաթուղթ՝ ընկերության տնօրենին տրվող հանձնարարական՝ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու վերաբերյալ: Այս հանձնարարականը տրամադրվում է այն դեպքում, երբ խախտումը կամ բացահայտված նոր էկոլոգիական գործոնները չեն կարող վերացվել ընկերության գործողություններով (օրինակ՝ կենսաբազմազանության նոր տեսակների բացահայտումը, որոնց վրա ազդեցությունը փորձաքննության չի ներկայացվել):
Այս մասն ամփոփելով՝ ասեմ, որ փոխվարչապետ Ավինյանը և վարչապետ Փաշինյանը ստում են, երբ ասում են, թե իրենք Ամուլսարի ստուգման արդյունքում ակնկալում էին բացահայտել Ջերմուկի ջրերի կամ Սևանի ավազանի վրա ազդեցության մասին ապացույցներ, որովհետև իրենք չէին կարող չհասկանալ, որ գործունեության փաստացի ազդեցությունը գնահատելու լիազորություն ունեցող պետական մարմինը հանքավայրի փաստացի գործունեության բացակայության պայմաններում չէր կարող ջրերի վրա փաստացի ազդեցությունը ստուգել ու մի հատ էլ «լուրջ» խախտում գտնել: Սա այնքան պարզունակ բան է, որ ամոթ է անգամ բացատրել, առավել ևս որ Ամուլսարում տեսչական ստուգման արդյունքները ներկայացնելիս այս ամենը նրանց մեկ անգամ արդեն բացատրվել է: Անցնենք առաջ:
Ի՞նչ է բացահայտել տեսչությունը ստուգման արդյունքում
Չնայած Ամուլսարի նախագիծը դեռևս գտնվում էր շինարարական աշխատանքների փուլում՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումներն այնքան մեծաթիվ էին ու բազմապրոֆիլ, որ ստուգման փաթեթի մաս կազմող՝ վերևում թվարկված բոլոր ակտերը, որոշումներն ու միջնորդագրերը տեսչության կողմից կազմվել են: Տեսչությունը արձանագրել է 10 խախտում, որոնք ունեն տարբեր իրավական նշանակություն: Դրանց թվում են՝ շինարարական աշխատանքների ընթացքում նախագծային շեղումներով հողաշերտի խախտումների և հողերի ոչ նպատակային օգտագործման դեպքեր, առանց թույլտվության մթնոլորտային օդ արտանետումների, շինարարության ընթացքում վտանգավոր թափոնների անձնագրեր չկազմելու և հաստատման չներկայացնելու, առանց լիցենզիայի վտանգավոր թափոնները պահելու, փոշու արտանետման համար բնապահպանական հարկ չվճարելու և այլ խնդիրներ: Արձանագրվել է, որ ընկերությունն իրեն տրված տարածքում իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում՝ մի քանի տարածքներից կավ է արդյունահանել ու օգտագործել շինարարական աշխատանքներում: Քանի որ ապօրինի ընդերքօգտագործումը քրեական հանցագործություն է, նյութերն ուղարկվել են դատախազություն, որպեսզի քրեական վարույթի շրջանակներում հաստատվի կամ հերքվի նշված արարքում հանցագործության հատկանիշների առկայության փաստը:
Ի հավելումն նշվածի, ստուգմանը ներգրավված այլ մասնագետներն էլ հայտնաբերել են բուսական և կենդանական աշխարհի տեսակներ, որոնք ընկերությունը չի ներկայացրել իր իրականացրած ՇՄԱԳ-ում ու չի ներկայացրել փորձաքննության: Ափսոսում եմ, իհարկե, որ հայտնաբերվածը մամոնտ և դինոզավր չէր, որ վարչապետ-փոխվարչապետը «լուրջ» համարեին, այլ կարմիրգրքային բույս և թիթեռ էր, բայց դա իրենց իրավագիտակցության խնդիրն է: Այդ մասին առանձին կխոսենք:
Հիմա հարց՝ էլ ի՞նչ պետք է գտներ տեսչությունը չշահագործված հանքավայրում շինարարական աշխատանքները ստուգելիս, որ չի գտել: Գուցե ինչ-որ շատ կարևոր բան տեսչության աչքից իսկապես վրիպել է, ցույց տվեք խնդրեմ: Փաստացիորեն, բացահայտված խախտումներից մեկով հարուցվել է քրեական գործ, որի արդյունքները կարող են ընկերության գործունեությունը դադարեցնելու լրացուցիչ իրավական հիմք հանդիսանալ, արձանագրված նոր էկոլոգիական գործոնը բացարձակ իրավական հիմք է փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար, մյուս խախտումների մասով էլ ընկերությունը ենթարկվել է պատասխանատվության ու վճարել է իր գործունեության հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը: Ինչպես ասացի՝ դինոզավր էլ էինք փնտրում, չգտանք, որ իմաստակ պաշտոնյաները դեպքը «լուրջ» համարեին:
Չմոռանանք նաև, որ տեսչությունը կարող էր գործունեություն իրականացնել միայն իր լիազորությունների շրջանակներում՝ գնահատելով ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը տրված թույլտվությունների պահանջներին, չէր կարող գնահատել նախարարության տված փորձաքննական եզրակացության հիմնավորվածությունը, ինչն էլ հենց Ամուլսարի իրական հիմնախնդիրն է, ոչ թե շինարարական հարցերում խախտում գտնելը:
Ձեր ուշադրությունը հրավիրեմ ևս մեկ կարևոր կետի վրա, որի մասին կխոսենք հաջորդ հոդվածում. Ամուլսարի վերաբերյալ տեսչության ընդունած ստուգման ակտի նախագծում ջրերի վրա ազդեցությունը ևս գնահատվել էր և արձանագրվել, որ նախագծի հետևանքով Ամուլսարի ջրային ակվատորիայի վրա ազդեցությունն անթույլատրելի է: Այս հետևությունն անելիս տեսչությունը հիմնվել էր ընկերության նախագծային փաստաթղթերում տեղ գտած տվյալների փաստաթղթային ուսումնասիրության վրա, որտեղ բաց տեքստով նշված է ջրերի վրա ազդեցության մասին: Իրավական հիմք էր ծառայել վարչական դատարանի որոշումը, համաձայն որի՝ ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունը չի համարվում վարչական ակտ, և այս մեկնաբանությամբ տեսչությունը կասկածի տակ չի դնում մեկ այլ պետական մարմնի՝ Բնապահպանության նախարարության (այժմ՝ Շրջակա միջավայրի նախարարություն) ընդունած վարչական ակտի հիմնավորվածությունը: Այնուհանդերձ, վերջնական ստուգման ակտում այդ կետը չներառվեց, քանի որ դրա վերաբերյալ սկզբունքայն առարկություն ներկայացրին Կառավարության իրավաբանները՝ տեսչության լիազորությունների շրջանակի վրա հղում կատարելով:
Ի դեպ, վարչապետ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ տեսչությանը հանձնարարել է Բնապահպանության նախարարության գտած նոր հանգամանքների առկայությունը պարզելու համար Ամուլսարում նոր ստուգում իրականացնել: Նախարարությունն էլ իր հերթին «նոր էկոլոգիական գործոնների» առկայությունը ենթադրող այդ տվյալները ստացել էր այլ պետական մարմիններից ու Գիտությունների ազգային ակադեմիայից: Հետաքրքիրն այն է, որ այդ հանգամանքներից որևէ մեկը տեսչական ստուգման ենթակա չէ, քանի որ դրանց վերաբերյալ ստուգում իրականացնելը չի մտնում տեսչության լիազորությունների մեջ: Ինչևէ, սպասենք ստուգման ընթացքին և արդյունքներին:
Ի՞նչը չի ներառվել տեսչական ստուգման ակտում և ինչու՞
Վերևում մանրամասն նկարագրեցի տեսչության լիազորությունների շրջանակը: Դրանցից հետևում է, որ եթե անգամ տեսչական ստուգման ընթացքում ուսումնասիրվում ու վեր են հանվում լուրջ խնդիրներ, միշտ չէ, որ դրանք կարող են տեղ գտնել ստուգման ակտում, ինչպես, օրինակ՝ ջրերի վրա ազդեցության հարցը: Առնվազն, այդպիսին է տեսչության լիազորությունների շրջանակի վերաբերյալ ներկայիս մեկնաբանությունը Կառավարության տարբեր օղակներում: Դա է պատճառը, որ ստուգման ընթացքում վեր հանված բազմաթիվ առանցքային հարցեր, զուտ ձևական-օրենսդրական սահմանափակումներից ելնելով, այդպես էլ չներառվեցին ստուգման պաշտոնական արդյունքների ցանկում, սակայն դրանք չեն դադարում լինել Ամուլսարի շահագործման թույլատրելիության հարցը կանխորոշող բովանդակային հիմնախնդիրներ:
Նախ ասեմ, որ տեսչությունն ուներ ոչ միայն բավականին սուղ տեխնիկական միջոցներ, այլև ոչ բոլոր ոլորտներում կային նեղ մասնագետներ: Այս բացը լրացնելու համար ես ստուգման գործընթացում ներգրավում էի դրսից նեղ մասնագետների՝ բարձրակարգ բույսերի կարգաբաններ, կենդանաբաններ, որոշակի շրջանակի հարցերով զբաղվող երկրաբաններ և այլն: Ավելին, քանի որ տեսչությունը չուներ լիցենզավորված լաբորատորիա, ստուգումների ընթացքում վերցված տարբեր փորձանմուշների հետազոտություններն իրականացնելու համար դրանք սովորաբար ուղարկվում էին Առողջապահության նախարարության և այլ լիցենզավորված լաբորատորիաներ, որպեսզի արդյունքները չլինեն իրավաբանորեն խոցելի: Ամուլսարում ստուգում իրականացնելիս ևս տարբեր մասնագետների խնդրել էի ներգրավվել ստուգող խմբի կազմում:
Մասնավորապես, ստուգման ընթացքում տարածքի երկրաբանությանն առնչվող փաստաթղթեր ուսումնասիրելիս տեսչությունը բախվեց 1952-54 թվականներին իրականացված՝ ուրան-թորիումի երևակման որոնողական աշխատանքների արդյունքներին: Այդ հետախուզական աշխատանքների շրջանակներում իրականացվել են երկրաբանահետախուզական կոմպլեքս ուսումնասիրություններ ուրան-թորիումի քանակական գնահատմամբ և երևակման հեռանկարով։ Իրականացված հետախուզական աշխատանքների տվյալներն ամփոփվել են 1955 թվականի հաշվետվության մեջ, որոնք ցույց են տալիս մինչև 500 և ավել գամմ (խրամահոր 3 (շտոլնյա)) ակտիվություն: Ստուգող խմբի կազմում ներգրավված՝ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանը: Գիտնականի հետևությունն այն էր, որ նախքան շահագործման թույլտվություն տրամադրելը պետք է գնահատվի ուրան-թորիումի հանքայնացման և իրենց պլանավորված դատարկ ապարների լցակույտի փոխհարաբերությունը՝ հաշվի առնելով կանխատեսվող հիդրոերկրաբանական ռեժիմների փոփոխությունները լցակույտի աշխատանքները իրականացնելուց հետո։
Ավելացնեմ, որ նշված խրամահորերը գտնվում են Ամուլսարի նախագծով սահմանված շատ զգայուն մի տարածքում՝ դատարկ ապարների ենթադրվող լցակույտի հատվածում: Այդ տարածքը շատ զգայուն էր նաև ջրաբանական տեսանկյունից՝ այնտեղից սկիզբ են առնում տասնյակ աղբյուրներ, որոնցից շատերը մշտահոս են:
Գիտությունների ազգային ակադեմիայից տեսչական թիմին միացած գիտնականին ես խնդրեցի գնահատել նաև այդ տարածքի գրունտի ամրությունը՝ հաշվի առնելով, որ այդտեղ հարյուր միլիոնավոր տոննաներով հանքային դատարկ ապարներ պետք է լցվեն: Երկրաբանական ֆոնդից վերցրինք տարածքի գրունտերի ուսումնասիրման վերաբերյալ տվյալները՝ իրենց ինվենտորային համարներով: Չեմ ուզում մասնագիտական տերմիններով ծանրաբեռնել, միայն երկու պարզ կետ նշեմ. պարզվեց, որ այդ ամբողջ տարածքից ընդամենը հինգ հորատանցք է փորվել, որն ըստ մասնագետի՝ չի կարող այդ ծավալի լցակույտերի պահեստավորման համար ինժեներաերկրաբանական պայմանների ամբողջական պատկեր տալ: Ընկերության փաստաթղթերում բացակայում էին տվյալներ գրունտերի ֆիզիկական և քիմիական հատկությունների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է գրունտային ջրերի մակարդակը և այլ պարամետրեր ներկայացնելու համար: Հետաքրքիր էր, որ ըստ ներկայացված եզրակացության՝ փորված հորատանցքերը և կատարված աշխատանքները հիմնականում ընդգրկում և հիմնավորում են քարաջարդման, ավտոպարկի և այլ ենթակառուցվածքների կառուցումն ու շահագործումը: Վերջնական հետևությունն այն էր, որ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք և չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայիս իրավիճակի գնահատման համար։
Կհարցնեք՝ իսկ տեսչական ակտի ո՞ր մասում են արտացոլված այս տվյալները: Դրանք այնտեղ արտացոլված չեն, որովհետև այդ հարցերը դուրս էին տեսչական ստուգման տիրույթից, հետևապես նաև տեսչության լիազորությունների շրջանակից: Դրանք պետք է ուսումնասիրվեին բնապահպանական փորձաքննության փուլում, իսկ ռիսկերն ու դրանց «կառավարելի» լինելը գնահատված լինեին փորձաքննական եզրակացության տեքստում: Զավեշտալի է, բայց ուրան-թորիումի հանքայնացումների ազդեցությունների վերաբերյալ ամբողջ պետական «փորձաքննությունն» ամփոփված է 2011 և 2012 թվականներին միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի՝ կես և մեկուկես էջանոց երկու փաստաթղթերում, որտեղ արտացոլված են տարածքում իրականացված ճառագայթային մոնիթորինգի արդյունքներ, բայց ոչ փորձաքննական մակարդակով հանքավայրի փոխազդեցության գնահատում:
Այս բոլոր փաստերով հանդերձ, տեսչությունը չի կարողացել դրանք ներառել ստուգման ակտում ու դրանցից բխող որոշումներ ընդունել: Իսկ երբ փորձում ես օրենքը լայն մեկնաբանել կամ ֆորմալ գործընթացներից դուրս լրացուցիչ հիմնավորումներ ձեռք բերել, շատ կտրուկ միջոցներով՝ ընդհուպ մինչև իրավապահ համակարգի գործիքակազմն օգտագործելով, քեզ խեղդում են լիազորությունների շրջանակի մեջ: Սա երկար պատմություն է, հաջորդ հոդվածում կներկայացնեմ:
Այսպիսով, տեսչությանը նրա համար չէին ուղարկել Ամուլսար, որ վարչապետ-փոխվարչապետերի ասած՝ «լուրջ» խախտումներ գտներ: Տեսչության գործառույթը պետք է լիներ շինարարական ոչ էական խախտումներն արձանագրել, դրանց հիման վրա ընկերությունը կվճարեր մանր-մունր տուգանքներ, իսկ հետո ավինյանները կասեին, որ տեսչությունը չի գտել այն հիմքերը, որոնց մասին խոսում եք (Ջերմուկի ջրերի ու Սևանի վրա ազդեցություն և այլն), հետևապես հանքը պետք է աշխատի: Հիշու՞մ եք, որ նախքան տեսչության որոշումը հրապարակելը ընկերությունն իր աշխատակիցներով գնացել էր հանքավայրի տարածք՝ տեսչության ակտը ձեռքին թափահարելով: Հենց դա էլ նախատեսված էր անել ի սկզբանե, իսկ ստուգման արդյունքները դրա համար պետք է «լեգիտիմ» հիմքեր ստեղծեին՝ չկա շահագործումը բացառող խախտում, ուրեմն շահագործումը թույլատրելի է: Այս դեպքում նույնիսկ միջազգային փորձաքննություն իրականացնելու հարց չէր առաջանա: Հետո պոպուլիստական աղմուկի մեջ կկորչեր նաև միտքն ու բովանդակությունը, ամեն ինչ կբարդեին տեսչության վրա, ինչպես հիմա են փորձում անել:
Վերջում նորից վերադառնանք վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝ ինքը տեսչության պետ է նշանակել «կարկառուն բնապահպաններից մեկին» (ձեզանից մեկին), ով չի կարողացել լուրջ բան գտնել, էլ մեզանից ի՞նչ եք ուզում, ուրեմն հանքը պետք է աշխատի: Այս տեքստը պետք է ասվեր շատ ավելի շուտ՝ ստուգման արդունքներն ամփոփելիս, միայն թե «թիթեռնիկի էֆեկտը» ամեն ինչ բերանքսիվայր շուռ տվեց, որի մասին կխոսեմ հաջորդ հոդվածում, այս մեկն արդեն շատ երկարեց, ու դեռ ահագին ասելու բան կա:
comment.count (0)