civilnet.am։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 2-ին Սոչիում ելույթ է ունեցել «Վալդայ» ակումբում և հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել նաև Ղարաբաղյան հակամարտությանը։
Հարց է հնչել, թե ինչպես է նախարարը գնահատում Իրանի շուրջ և Պարսից ծոցում ռազմական հակամարտության ռիսկը և ընդհանրապես մեծ տարածաշրջանում ռազմական հակամարտությունների, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կոնսերվացումը։ Անդրադառնալով հարցի՝ Լեռնային Ղարաբաղի մասին, Լավրովն ասել է․
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են և շատ մեծ չեն։ Տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում, նախապատրաստվում է փոքր թվով ձերբակալվանծենրի փոխանակում, բայց գործընթացը գնում է։ Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, սերտ և բարեկամաբար աշխատում են իրար հետ։ Այս տարի արտգործնախարարներն արդեն երեք անգամ հանդիպել են, այդ թվում՝ ապրիլին՝ իմ մասնակցությամբ, և համանախագահների հետ անցկացրել ենք արտգործնախարարների հանդիպում։
Ինչ վերաբերում է տեղում իրավիճակին, այժմ այն շատ ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ։ Սակայն քաղաքական գործընթացը արգելակված է, առայժմ չի ստացվում տեղից շարժել։
Կողմերը բավական լուրջ հայտարարություններ են անում, այդ թվում հայտարարություններ են հնչել, որ Ղարաբաղը Հայաստան է, այնպես, ինչպես Տիրանայից Կոսովոյի վարչապետ Է․Ռաման հայտարարում էր, որ Կոսովոն Ալբանիա է։ Դա, իհարկե, չի նպաստում քաղաքական գործընթացի վերսկսման համար մթնոլորտի ձևավորմանը։ Սակայն մենք, որպես համանախագահներ, ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ ներդաշնակ աշխատում ենք։ Սա այն քիչ իրավիճակներից է, որտեղ մենք ունենք միասնական տեսլական։
Մենք ունենք հիմնական փաստաթղթեր և չենք ցանկանում դրանք վերանայել։ Մենք ցանկանում ենք հիմնական սկզբունքների հիման վրա, որոնք բազմիցս քննարկվել են, որոնել լուծումը։ Սակայն դրան պետք է հասնել ուղիղ երկխոսության միջոցով։ Շփումներ կան, սակայն կարգավորման երկխոսությունն առայժմ չի վերսկսվել։ Լայնածավալ ռազմական գործողությունների ակնհայտ կամ ոչ ակնհայտ վտանգ ես չեմ տեսնում։ Պետք է անենք ամեն ինչ, որ դա տեղի չունենա»։
comment.count (0)