Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել է տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով հարցին, թե ինքը նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների տեղեկատվություն է փոխանցել, որ կարողանան երկրից գնալ՝ նա բերել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ երկրից հեռանալու օրինակը։
«Այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված և կարճված քրեական գործը։ Հայտնի օֆշորի գործը։ Քրեական գործը վերաբացելու եղանակը մեկն է։ Պետք է լինի նոր երևան եկած հանգամանքներ, և գլխավոր դատախազը պետք է թույլատրի քրգործը վերաբացել ու քննություն իրականացնել։ Մենք՝ ԱԱԾ-ն, գրել ենք պաշտոնական գրություն գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերաբացել այդ գործը։ Ինչ-ինչ պատճառաբանությունների հիման վրա (համոզված եմ` վաղը կբերեն այդ պատճառաբանությունները, թե ինչու իրենք չհամաձայնեցին` այդ գործը վերաբացվի) այն վերադարձվել է մեզ»,- ասել է Վանեցյանը:
Նրա խոսքերով՝ այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից, և հարց է առաջանում՝ ինչու՞ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, և ինչու՞ քրեական գործը չվերաբացվեց, ինչու՞ գլխավոր դատախազը չմտավ ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու։
«Դրա մասին գիտի նաև վարչապետը։ Հետևանքների մասին, խնդրում եմ, դատեք ինքներդ։ Մնացած գործերով որևէ բան այլևս չեմ ասելու»,- նշել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Լրագրողի հարցին, թե ՀՀ Գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն ի՞նչ պատճառաբանություն են առաջ քաշում, Վանեցյանը պատասխանել է․
«Հիմա բառացիորեն չեմ կարող հիշել։ Եղել է հետևյալը․ հարուցեք առանձին քրեական գործ, քննությունը տարեք, հասեք նորից այստեղ, հետո բան կանենք։ Այդ ընթացքում Միհրան Պողոսյանը երկրից գնաց, և վերջ։ Դուրս եկավ, որ Արթուր Վանեցյանն է մեղավոր, որ Պողոսյանը երկրից գնաց։ Բայց մարդու ազատ տեղաշարժի իրավունքը որևէ մեկը սահմանափակելու իրավունք չունի, վերջ»։
comment.count (0)