azatutyun.am: Ապրիլի 5-ին հանրաքվե կանցկացվի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների հետագա պաշտոնավարման հետ կապված։
Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին առաջին անգամ հայտարարեց Վահե Գրիգորյանը 2019 թվականի հունիսի 20-ին ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելիս։
Հատված հարցազրույցից.
Վահե Գրիգորյան. – Խորհրդանշորեն հենց հանրաքվեի տարբերակը ընտրելը ես շատ եմ կարևորում։ 24 տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բախել է էդ դատարանի դռները՝ իր քաղաքական ընտրության քվեն պաշտպանելու խնդրանքով, և 24 տարի հետո Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման հետագա ճակատագիրը կախված է լինելու հենց էդ քաղաքացու քվեից։
Սահմանադրության փոփոխությունների նախագծերը, նախ, Սահմանադրական դատարանին ստուգմանը ուղարկելը, բնականաբար, անհրաժեշտություն է։ Այդ կանոնները նախատեսված են նաև Սահմանադրությամբ։ Ի դեպ, Հայաստանը շատ քիչ պետություններից մեկն է, որտեղ Սահմանադրության փոփոխությունների նախագծերը Սահմանադրական դատարանի ստուգմանը ներկայացնելը պարտադիր պահանջ է ըստ Սահմանադրության։
Բայց հիմա խնդրին պետք է մոտենալ հետևյալ կողմից.
Նախագիծը երբ որ ներկայացվում է ստուգման, դրա նպատակը դատարանի կողմից մասնագիտական ստուգում անցկացնելն է՝ արդյո՞ք այդ նախագիծը հակասություններ չունի Սահմանադրության անփոփոխ և մի շարք այլ դրույթների հետ, մարդու իրավունքների ստանդարտների հետ։ Բայց արդյո՞ք Սահմանադրական դատարանը ի վիճակի է այդ նախագիծը ստուգել՝ մենք պիտի սկսենք էստեղից։ Արդյո՞ք մենք ունենք դատարան, որը կարող է ստուգել, մի կողմ թողնենք Սահմանադրական դատարանի անդամի և դատավորի տարբերության խնդիրը, պայմանականորեն եկեք ընդունենք, որ Սահմանադրական դատարանում 9 դատավոր են պաշտոնավարում այս պահի դրությամբ, արդյո՞ք մենք ունենք Սահմանադրական դատարան, որը կարող էր ստուգել այս նախագծի սահմանադրականությունը։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Նույնիսկ 9 դատավորի դեպքում մենք չենք կարող այս նախագծի սահմանադրականությունը ստուգել, որովհետև այս նախագիծը վերաբերում է 9 անդամներից 7-ի պաշտոնավարման դադարեցմանը՝ այդ 9 անդամներից 7-ից և ոչ մեկը չի կարող նստել ինքն իր կարգավիճակի և լիազորությունների վերաբերյալ գործ լսել։ Եվ երբ որ իրավաբանական համայնքում ես նկատում եմ այս մասին այս վեճը, իմ մոտ առաջին հարցը, որ առաջանում է՝ ո՞ր իրավաբանն է։ Սրա տակ հսկայական գիտություն կա դրված, որ դատավորն ինքն իր գործը չի լսում, սա սովորում են առաջին կուրսի ուսանողները։
«Ազատություն». – Սուբյեկտիվ մոտեցումը անխուսափելի է։
Գրիգորյան. – Այստեղ նույնիսկ բացատրության կարիք չկա՝ ինչու դատավորն ինքն իր մասին գործ չպիտի լսի, իր կարգավիճակի, իր լիազորությունների, իր հետագա մասնագիտական կարիերայի մասին գործը չպիտի լսի։
«Ազատություն». – Այսպիսի ենթադրություններ կան, որ Դուք կցանկանայիք լինել նախագահ Սահմանադրական դատարանի։ Կցանկանայի՞ք։
Գրիգորյան. – Պնդումներ նույնիսկ, ոչ թե ենթադրություններ կամ կասկածներ կան, այդպիսի պնդումներ կան, և նույնիսկ մարդիկ կան, որոնք կենցաղային ստախոսության մակարդակի իջնելով, տաղավարից տաղավար սավառնելով սկսում են պատմել, որ Վահե Գրիգորյանը ցանկանում է դառնալ Սահմանադրական դատարանի նախագահ, կլասիկ էքստրասենսերի կարգավիճակ են ձեռք բերել։
Ես իմ՝ Ազգային ժողովում ունեցած ծրագրի ներկայացման ընթացքում ասել եմ, որ իմ նպատակն է հասնել նրան, որ Սահմանադրական դատարանում ամենաբարձր պաշտոնը լինի դատավորի պաշտոնը։ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը շատ պարտավորեցնող և շատ պատվաբեր պաշտոն է՝ ամենապարտավորեցնող և ամենապատվաբեր պաշտոնը ցանկացած իրավաբանի համար մեր երկրում։
Ես ոչ մի ցանկություն չունեմ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու, տարբեր պատճառներով։ Նախ՝ որովհետև ես կուզենայի շատ մեծ կշիռ տալ <…> դատավորի պաշտոնին՝ ինքս հրաժարվելով երբևէ առաջադրվել և ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ։ Բայց իրականում ես բավարարված եմ իմ ունեցած տիտղոսով, ես իրականում իմ ունեցած տիտղոսը շատ ավելի բարձր եմ համարում, ես ուզում եմ իմանան, որ քաղաքացիների կողմից բացարձակ լեգիտիմությամբ ընտրված պառլամենտի կողմից ընտրված առաջին դատավորն եմ ես, ես դրանից ավել, չեմ պատկերացնում ավելի բարձր տիտղոս։
comment.count (0)