Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․03․20 (թարմացվող)
00:36 - 31 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․03․20 (թարմացվող)

23։41-Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։  

49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։ 

Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար։ [Արսեն Թորոսյան]


22։48- Պարետը արտակարգ դրության պայմաններում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակման բացառություններում նոր կետ է ավելացրել՝ սահմանելով  Արցախի Հանրապետության համընդհանուր ընտրություններին մասնակցելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքը:


22։12- Պարետի որոշմամբ՝ արտակարգ դրության պայմաններում մի շարք տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը կարգելվի 6 ժամով:  
Մասնավորապես արգելվում է հետևյալ տնտեսավարողների գործունեութան ծավալումը՝ «Արման Գալստյան» ՍՊԸ՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 46,  «Դավիթ Խաչատրյան» Ա/Ձ` ք. Երևան, Արշակունյաց պողոտա 30/1,   «Գևորգ Խեչումյան» Ա/Ձ` ք. Երևան, Կոմիտասի պողոտա, թիվ 1 շենք, «Ավետլանա Աթանեսյան» Ա/Ձ` ք. Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, թիվ 7, Ա/Ձ «Արմենուհի Սարգսյան»` ք. Եղեգնաձոր, Միկոյան 1, նրբ. 1:


21:04- Հունվարի 31-ից մինչև մարտի 29-ը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ: 118 քաղաքացու բժշկական և հոգեբանական խորհրդատվություն է ցուցաբերվել: Հոգեբանի աջակցության կարիք հիմնականում ունենում են միջինից բարձր տարիքի անձինք: [ԱԻՆ]


20:40- Իմ որոշմամբ՝ Երեւանի քաղաքաապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ: Քանի որ ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս: [Հայկ Մարության]


19:20- Մարտի 30-ին, ժամը 9․00-ից 18.00-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 352 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 30-ի ժամը 18-ը՝ 3213 անձի նկատմամբ, 1666-ը՝ մայրաքաղաքում, 1547-ը՝ մարզերում։
Ժամը 9-ից 18-ը ՃՈ ծառայողները հայտնաբերել են 215 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 30-ի ժամը 18-ը՝ 2443 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 58 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։ [ՀՀ ոստիկանություն]


18:35- Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունված Նախագծով համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման։ Նախագծի սկզբնական տարբերակում նշվում էր, որ ապաանձնավորված տվյալները (վիճակագրական տվյալներ են և չեն նույնացնում անձին) կարող են պահպանվել, բայց դա էլ կհանվի նախագծից՝ մտահոգվեու որևէ հիմք չտալու համար, որ անձի մասին տվյալները կարող են որևէ կերպ հասանելի լինել համաճարակի դեմ պայքարից բացի այլ նպատակով։ [Ռուստամ Բադասյան]


17:45- Առաջարկում եմ արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձավճարների չվճարման հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց: Արտակարգ դրության ավարտից հետո պետք է սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց:  Իսկ այն ուսանողները, որոնք պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, նրանց պետք է տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Ուզում եմ նաև խնդրել այն ուսանողներին, ովքեր ունեն հնարավորություն այս պահին, կատարեն այդ վճարումները․ դրանք բուհերի համար շատ լուրջ ֆինանսական ներհոսք են, աշխատավարձները դրանցից են վճարվում։ [Արայիկ Հարությունյանը գրություն է ուղարկել հանրապետության բուհերի ռեկտորներին]


17:35-
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրել է մարզի այն համայնքները, որտեղ կորոնավիրուսով վարակվածներ կան։

Քաղաք Մասիսից վարակվածները 13-ն են, Նոր Խարբերդից՝ 9-ը, Նոր Կյուրին համայնքում 12 վարակված կա:  Այնթափում կա 6 վարակակիր, Հայանիստում՝ 2, Դարակերտում՝ 1, Արբաթում՝ 1:

Արտաշատում վարակվածների թիվը 3-ն է, Մխչյանում՝ 5-ը, Բուրաստանում՝ 1: Մարտի 29-ին Բուրաստանի մի քանի բնակիչ թեստավորում է անցել, բայց արդյունքները դեռ հայտնի չեն: Ջրաշենում 6 վարակված կա, Դիտակում 2 դեպք է գրանցվել, Դալարում նույնպես` 2, Դվին համայնքում՝ 1, Վերին Դվինում հաստատված 6 դեպք կա, Այգեզարդում՝ 1, Նորաշենում՝ 2, Այգեստանում՝1:

Արարատի շրջանում վիճակը համեմատաբար ավելի լավ է: Վեդիում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք, Դաշտաքարում՝1, Փոքր Վեդիում՝ 1, Լուսառատում՝ 1, Տափերական համայնքում՝1, Ոսկետափ համայնքում՝ 1: |armenpress.am|


17:17- Հայաստանի համար ուսանելի համարելով Չինաստանի փորձը վարակի տարածումը կանխարգելելու և հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու գործում՝ նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ առաջարկել է դիտարկել Չինաստանի կողմից Հայաստանին հետագա օժանդակության ցուցաբերումը սարքավորումների, համապատասխան պարագաների, ինչպես նաև մասնագիտական օժանդակության ձևով: [Արմեն Սարգսյանը նամակ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին]


17:10- ՀՀ տարածքի որոշ կետերում կատարվում են մեկուսացման աշխատանքներ, դրանք իրականացվում են հյուրանոցների հետ համագործակցությամբ։ Սպասում ենք գնային առաջարկներ բոլոր այն հյուրանոցներից, որոնք ունեն 50 և ավելի սենյակ, քանի որ ցանկանում ենք կենտրոնացված պահել շփման շրջանակը մեկ վայրում։ Դիտարկվում են Ծաղկաձորը, Երևանը և Դիլիջանը: [Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյան] |armenpress.am|


16:55- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկը, որով հնարավորություն է ընձեռվում բաժնետիրական ընկերությունների ժողովները հեռավար եղանակով իրականացնել: Նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն` 87 ձայնով:


16:50- Հայաստանում առաջին եռամսյակում զբոսաշրջիկների այցելությունների նվազում է եղել, 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել երկիր։ Զբոսաշրջության ոլորտում ֆինանսական կորուստների մասով հաշվարկ դեռևս չի կատարվել, սակայն խոսքը մոտ 134 միլիոն դոլարի կորստի մասին է։ [Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյան]


16:43- Մեր կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում։ Խնդիրը պարզ է․ ունենալ տեղեկատվություն, որով հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել մեկուսացման միջոցառումներ՝ պաշտպանելով քաղաքացիների կյանքը և առողջությունը։ Որևէ այլ նպատակով տեղեկատվության օգտագործումը հանգեցնում է քրեական պատասխանատվության (թեև նման դեպքերը իրատեսական էլ չեն)։ [Ռուստամ Բադասյան]


16:37- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Լիլիթ Մակունցն ասաց, որ «Իմ քայլը» կողմ կքվեարկի նախագծին՝ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկություններով հանդես գալով։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նշել էին, որ դեմ են քվեարկելու: Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում։ 


16:25- Կորոնավիրուսային համավարակի բռնկումներին ուղղված գլոբալ արձագանքման գործողությունների շրջանակներում, Եվրահանձնաժողովը սատարում է Արևելյան գործընկեր երկրներին և վերաբաշխել է 140 միլիոն եվրո աջակցությունն, այդ թվում՝ Հայաստանի առավել անմիջական կարիքների արձագանքման համար:  [ՀՀ-ում ԵՄ գրասենյակ]


16:14- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին նախագծին: Այն ստացավ 66 կողմ, 16 դեմ և 2 ձեռնպահ ձայներ: Առողջապահության նախարարի տեղակալ Ա․ Ավանեսյանը նշել էր, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ։ Հիվանդության վերավարակելիության աստիճանը և դիակի ներսում ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ, և հերձման արդյունքում կարող են առաջանալ վարակի տարածման անդառնալի հետևանքներ: |armenpress.am|


15։58- ԱՀ մարտի 31–ի ընտրություններն անցկացնում ենք առանձնահատուկ պայմաններում։ Աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ ԱՀ իշխանությունների կողմից ձեռնարկվել են այնպիսի աշխատանքներ, որոնք ընտրությանը մասնակցողների համար կստեղծեն ապահովության պայմաններ։ Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին կբաժանվեն անհատական պաշտպանիչ միջոցներ` մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ, գրիչ, տեղամաս մտնելիս խնդրելու ենք որպեսզի ախտահանվեն։ [ ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյան] |armenpress.am|

 

15:44-  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը, որը սպասարկում է Պոլիտեխնիկը՝ ներառյալ Գյումրիի, Կապանի և Վանաձորի մասնաճյուղերը, ինչպես նաև բուհի քոլեջը և ավագ դպրոցը: Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել բոլոր շահառուներին, յուրաքանչյուր խմբի և դասարանի համար ստեղծել առարկաների ու տնային աշխատանքների ցանկ, ուսումնական նյութեր, էլեկտրոնային գրադարան, ներբեռնել տեսադասախոսություններ։ Հարթակը հնարավորություն է տալիս նաև յուրաքանչյուր պահի մոնիթորինգ անել և պարզել` կոնկրետ կրթական ծրագրի համար ինչպիսի ծավալով է իրականացվել առցանց ուսուցումը, առաջացած բացթողումները և թերությունները։ [ՀՀ կառավարություն]

 

15։19- ՀՀ կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով, մասնավորապես, բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում բաժնետիրական ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ:  Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ իրենք նպատակահարմար են գտնում, որ  առանցքային տնտեսավարողներին, որոնք բաժնետիրական ժողովներ  պետք է հրավիրեն ու որոշումներ կայացնեն, հնարավորություն տրվի, որ որոշումներ կայացնեն առանց իրենց ռիսկի ենթարկելու։ |armenpress.am|

 

14։54- Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ: Նրանք անդրադարձել են իրենց երկրներում  կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նշելով, որ Հնդկաստանը մեծ զարգացում և առաջընթաց է արձանագրել կենսաբանության, մասնավորապես՝ մոլեկուլային կենսաբանության, դեղագործության, այդ թվում՝ ջեներիկ դեղերի արտադրության ասպարեզում, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ հատկապես ներկայիս իրավիճակում, նախագահ Սարգսյանը դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորություններն այս ոլորտներում:

 

14։36- ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, շրջայցեր են իրականացրել մայրաքաղաք Ստեփանակերտի սննդամթերքի իրացմամբ զբաղվող մի շարք պարենային խանութներում: Պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

14։20- Ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: Կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

14։08-  Մարտի 29-ին՝ ժամը 9:00-ից 21:00-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 21-ը՝ 2794 անձի նկատմամբ, 1443-ը՝ մայրաքաղաքում, 1351-ը՝ մարզերում։ 

 

14։01-  Կառավարության այսօրվա արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վերաբերյալ կառավարության աջակցության ծրագրերը չեն վերաբերում չգրանցված աշխատողներին։ Քաղաքացիները, որոնք գրանցված չեն որպես աշխատող կամ որպես աշխատանք կորցրած, կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ իրենք աշխատել են, և չի արձանագրվել իրենց աշխատանքը։ Եթե քննության արդյունքում պարզվի, որ դա ճիշտ է, գուցե հնարավոր կլինի ինչ-որ լուծում տալ ու այդ քաղաքացիներին ներառել ծրագրում։ |lragir.am|

 

13։49- Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր։ Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել։ [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

13։46- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հիշեցրեց, որ ԱԺ-ն Արցախ դիտորական առաքելություն իրականացնելու համար պատվիրակություն պիտի ուղարկեր:  Վերջիններս թեստավորվել են, ռապիդ թեստերը երկու գործընկերոջ մոտ դրական պատասխան են ցույց տվել, ապա անցել են մյուս թեստը՝ կասկածը հերքելու համար: Կրկնակի թեստավորման արդյունքները եղել են բացասական, նրանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ |shantnews.am|

 

13։17-  Հեռավար դասապրոցեսը դրական արձագանք ստացավ: Այս մասին կառավարության արտահերթ նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Վերջինս նկատեց, որ կա մի խնդիր՝ կապված սարքերի և ինտերնետ կապի հասանելիության հետ, որը կառավարությունը փորձում է լուծել։  Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ նախընտրում է օրակարգի ավարտից հետո դռնփակ ռեժիմով այդ հարցի հետ կապված մեկ-երկու կազմակերպչական հարց քննարկել։ |pastinfo.am|

 

13։10- ԵՏՀ այժմյան հիմնական օրակարգային հաղորդումը ԵԱՏՄ բոլոր երկրների ջանքերի միավորումն ու համաձայնեցումն է՝ COVID-19 վարակի դեմ պայքարելու համար։ Հանձնաժողովը փորձում է հանդես գալ որպես համակարգող կամ որպես մի հարթակ, որտեղ անդամ երկրները կարող են քննարկել ազգային մակարդակում տարվող միջոցառումների մասին, տրամադրել տեղեկատվություն առաջին անհրաժեշտության այս կամ այն ապրանքատեսակի պակասուրդի եւ կամ ավելցուկի) վերաբերյալ եւ օպերատիվ որոշումներ կայացնել Միության անդամ երկրներում դեֆիցիտային ապրանքների մաքսատուրքի նվազման կամ զրոյացման համար։ [ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյան] |armtimes.com|

 

13։05- Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ավելացնելով, որ ԶՈՒ-ում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել: Հինգ զինծառայող վարակվել է կորոնավիրուսով, նրանցից որևէ մեկը չունի թոքաբորբ, զինծառայողները չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ: Մեկ զինծառայողի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն: |lragir.am|

 

13։01- Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Մասնավորապես՝
✅հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
✅հանրային սննդի ծառայություններ,
✅զբոսաշրջային ծառայություններ,
✅վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
✅մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող: 

 

12։59- Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց: Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք, և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում։

 

12։41- Կոտայքում ունենք բնակավայրեր, որտեղ կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր (վարակի դեպքերը հիմնականում նույն օջախից են), սակայն հավատացնում եմ, որ կառավարությունը, պարետատունը և մարզպետի ինստիտուտը լիովին տիրապետում են իրավիճակին: Կոտայքի մարզպետարանում գործում է թեժ գիծ, որին կարող եք զանգահարել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ հարցերով: ԹԵԺ գծի հեռախոսահամարներն են՝
☎️0223 2 57 14
☎️098888283
☎️095443844։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

12։39-  Հայտարարվել է, որ Արարատի մարզում ունենք մեծ թվով վարակակիրներ։ Երեկվա տվյալներով նրանց թիվը հասնում է 85-ի։ Հատկապես մեր տարեցները այս օրերին թող առավել զգոն լինեն [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կոչը՝ մարզի բնակիչներին]

 

12։17- Եթե արտակարգ դրութունը առաջացել է համաճարակի հետևանքով, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:  Սա վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրություն հայտարարելուն: Այլ արտակարգ դրությունում միջամտությունն անձնական տվյալների և հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրվում: [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ]

 

12։11- Այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր դեպք, սակայն ծայրահեղ ծանրը հավանաբար կդառնա ծանր, բարելավում ունենք։ Հնարավոր է՝ ինտուբացիան դադարեցնենք, արհեստական օդափոխության սարքն անջատենք, և ինքնուրույն կշնչի պացիենտը։ Եվս 2 ծանր, որոնց մենք գնահատում էին, որ հնարավոր է՝ դառնան ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ հավանաբար կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ։  [Արսեն Թորոսյանը՝ կառավարության նիստի ժամանակ]

 

12։06- Այս պահի դրությամբ կա 482 հաստատված դեպք, նոր 58 դեպքից 25-ը ի սկզբանե եղել է կարանտինում։ 31 հոգին, որոնց մեջ կա նաև բուժաշխատող, ի սկզբանե կասկածելի գոտում են եղել, շփված են եղել հաստատված դեպքի հետ։ Միայն 2-ն են, որ նոր բերովի դեպք են արտերկրից։ Նրանց շփման շրջանակը հիմա պարզվում է։ [Արսեն Թորոսյանը՝ կառավարության նիստի ժամանակ]

 

11։54- Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

 

11։50- ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը, որով առաջարկվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ: Նիստի օրակարգում է նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հրատապությունը, ըստ հիմնական զեկուցող արդարադտության նախարար Ռուստամ Բադասյանի, պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գործող ախտաբանաատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրոսային հիվանդության հետևանքով մահացած մարդկանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն համապատասխանում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: |tert.am|

 

09:09- Նոր Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին: Թոքերի օդափոխության անսարք համակարգերի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում նույնպես խնդրում եմ նամակ ուղարկել նշված հասցեով։ Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. ապրիլի 5-ը։ [ԲՏԱ նախարար Հակոբ Կարապետյան]

 

08:58- Այս հղմամբ պարզ և հասանելի կերպով ներկայացված են տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները: [Տիգրան Ավինյան]

 

08:54- երեխաներ, սիրելի ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով: Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով: Բաց մի թողեք եւ ոչ մի դաս: Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը: [Նիկոլ Փաշինյան]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, աշխարհ, 30․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․03․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել