Գնահատականակենտրոն կրթական համակարգի չեղարկում․ մանկավարժները պատրաստ չեն
13:36 - 08 մայիսի, 2020

Գնահատականակենտրոն կրթական համակարգի չեղարկում․ մանկավարժները պատրաստ չեն

Օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախարարության որոշման համաձայն՝  առնվազն 1-4-րդ դասարաններում աշակերտները չեն գնահատվի։

«Մենք այս որոշումը կայացրել ենք դեռ մինչ հեռավար կրթության անցնելը։ Լինելու են խրախուսման նոր մեթոդներ, որոնք մենք կներկայացնենք մեր ուսուցիչներին, վերապատրաստումներ կիրականացվեն։ Այս համակարգով մենք երեխային չենք կապում գնահատականին, այլ կապում ենք գիտելիքի և կրթության հետ»,- իր խոսքում ասել է նախարարը։ Վերջինս տեղեկացրել էր նաև, որ նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։

Ներկայացված նախագծի  առավելությունների  և թերությունների վերաբերյալ infocom.am-ը զրուցել է «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմոնյանի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ 

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանը, անդրադառնալով առաջարկվող գաղափարին, ասաց․

«Սա կարծես դեռևս նախարարության կողմից բանավոր շրջանառվող միտք է, որքանով որ տեղյակ եմ՝ դեռևս նախագիծ չկա։ Կան դպրոցներ, որտեղ տարրական դասարաններում թվանշային գնահատումը փոխարինված է գունավոր աստղիկներով, և ուսուցչի հայեցողությամբ են երեխաները թվանշային գնահատում ստանում կամ ոչ։ Կարծում եմ՝ եթե հարցը դիտարկենք կրթական ռեֆորմների տեսանկյունից և գիտելիքին գերակայություն տալու համատեքստում, այո, գուցե կարելի է փորձարկել այս նոր՝ առանց գնահատման ուսուցման մեթոդը։ Սակայն, եթե դիտարկենք նաև վերջին շրջանում, հեռավար ուսուցմամբ պայմանավորված, դպրոցականների ոչ լիարժեք ներգրավվածության և դրանով պայմանավորված՝ մարտի 13-ից հետո գրանցած գնահատականների չեղարկման տեսանկյունից, կարծում եմ՝ վատագույն լուծումն է նախարարության կողմից»։

Վահրամ Սողոմոնյանը, անդրադառնալով հարցին, ասաց, որ այն  դիմադրությունը, որին արժանանում է գնահատականների հետ կապված որոշումը, կապված են այն բանի  հետ, որ ուսուցիչների և ծնողների կողմից մեծ ուշադրություն է հատկացվում գնահատականին։

«Բացի այդ կան որոշակի շահեր՝ ինչպես փակել կիսամյակը, ինչպես գոհացնել ծնողներին և այլն։ Սա ընդհանուր կրթության փիլիսոփայության հարցն է, որը պետք է փոխել, կենտրոնանալ ավելի շատ ինքնուրույն աշխատանքի, երեխաների գիտելիքների և հմտությունների վրա։ Գնահատականը չի կարող կատարել այն դերը, որը կատարում է  հիմա»։

Աժ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ վաղուց ժամանակը հասունացել էր,  և սա ինչ-որ չափով դարձել էր խնդիր, որը պարտադիր լուծում էր պահանջում։ Վերջինիս խոսքով՝ նախարարության այս որոշմամաբ պետական հանրակրթական չափորոշիչների փոփոխություններով այս խնդիրը  լուծվում է, որովհետև ամբողջ աշխարհում գնահատվում է գիտելիքը, թիմային աշխատանքը, երեխաների կարողությունները, հմտությունները և  ոչ թե նյութի պարզ վերարտադրումը։

«Երբ անցնում ենք համընդհանուր ներառման, խոսել համընդհանուր ներառման կարևորությունից, փիլիսոփայությունից  և խոսել միավորային գնահատման մասին, այն էլ տարական հատվածում, իմ կարծիքով՝ բոլորովին ճիշտ չի լինի, որովհետև համընդհանուր ներառման գաղափարը իր էությամբ հակադրվում է միավորային գնահատմանը։  Մոտ 15-20 տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրակրթական դպրոցներում գնահատման համակարգը այնուամենայնիվ չի աշխատում։ Սա կարելի է նկատել նաև հանրային դիսկուրսի շրջանակներում՝ այս որոշման դեպքում հասարակությունը դրական արձագանք տվեց»,- ասաց Ստեփանյանը։

Այն հարցին, թե ինչ մեթոդներով պետք է ընթանա աշակերտների գնահատման գործընթացը և արդյո՞ք աստղիկներով գնահատման նախկին  կարգը արդյունավետ էր, Աննա Կոստանյանը պատասխանեց․

«Գնահատման արդյունավետության գնահատականը կարելի է տալ բացառապես նոր համակարգի ներդրման արդյունքում, երբ այն սկսի կիրառվել և ուսուցիչների կողմից վեր հանվեն բոլոր առաջացած և հնարավոր խնդիրները։ Այս մասին դատողություններ կարող են և պետք է անեն միմիայն կրթական ոլորտի փորձառու և առաջատար մասնագետները»։

Վերջինս իր խոսքում նշեց, որ իր որդու ուսուցչուհին առաջին դասարանում կիրառել է աստղիկային գնահատման մեթոդը, որը, այնուամենայնիվ, կրկին գնահատում է, բայց այն բավականին դրական է ազդել երեխաների հոգեբանության, մոտիվացիայի և ուսումնական առաջադիմության վրա, մի առավելությամբ, որ երեխաներն այդ ժամանակ այնքան էլ չէին կենտրոնանում աստղիկների վրա։

Անդրադառնալով արդեն գործող մեթոդներին՝ Սողոմոնյանն ասաց․

«Այդ մեթոդները որոշակի նշանակություն ունեն, կարող են երեխաներին ոգևորել, բայց նորից եմ ասում, որ ուսուցիչները գնահատականից անցնեն մոտիվացնելուն, անցնեն մանկավարժական այլ միջոցների, որոնք խորքային են և ավելի մեծ նշանակություն ունեն աշակերտի համար, քան ուղղակի թիվ նշանակելը, վարքի վրա ազդելու տարբեր ձևերը։ Գնահատականը չպետք է պատժի միջոց լինի երեխայի համար։ Դա դեմոտիվացնում է։ Ես գիտեմ, որ տարրական դասարանների շատ ուսուցիչներ մեծ դժգոհություն ունեն, թե ինչու են հանում գնահատականները տարրական դասարաններում, որովհետև դա որոշակիորեն արհեստական լծակների, քողարկված հարաբերությունների առարկա է եղել։ Եկեք ազնիվ լինենք ու խոստովանենք, որ գնահատականը չի ծառայելու կրթությանը, եթե ծնողը գոհ է, որովհետև երեխան բարձր գնահատական է ստացել, ուսուցիչն էլ իրեն լավ է զգում, բայց դրանից աշակերտի գիտելիքները չեն փոխվում»։

Լիլիթ Ստեփանյանը հավելեց, որ, իր կարծիքով, աստղիկներով, ժպիտներով կամ այլ մեթոդների կիրառումը նույնպես գնահատում էր, բայց այն չուներ իր մեջ այն թաքնված անորոշությունը, որը կարող էր թաքնվել միավորային գնահատման դեպքում։ Պատգամավորի խոսքով՝  շատ  դեպքերում  երեխայի ստացած միավորային գնահատումը չի արտացոլում երեխաների իրական գիտելիքների մակարդակը և այն մնացորդային գիտելիքը, որը ձևավորվում կամ արտահայտվում է միավորային գնահատման մեջ։

«Սա որոշ առումով խրախուսման ձև էր, բայց սա նաև գնահատման ձև էր։ Մենք դեռևս չունենք նախադպրոցական պարտադիր կրթություն, և երեխաները դպրոց են գնում մի մասը մանկապարտեզից, մյուս մասը՝ տնից, ընտանիքից, ՌԴ-ից, այսինքն՝ նրանք չեն անցել նախնական օղակը, նրանց ինչ-որ չափով մոտիվացիա էր պետք։ Ես կարծում եմ, որ այս մեթոդը սկզբնական շրջանում կօգնի ուսուցիչներին, քանի որ նրանք միանգամից պատրաստ չեն  հրաժարվել գնահատման մեթոդից»,- ընդգծեց Ստեփանյանը։

Այն հարցին, թե ինչ ձևաչափ պետք է սահմանել, որպեսզի մոտիվացիայի գոծընթացը չտուժի, իսկ երեխանները անտարբերության չմատնեն դասերը, պատգամավոր Աննա Կոստանյանը պատասխանեց․

«Գնահատման սիստեմի չեղարկումը կամ փոփոխությունը չէ, որ պետք է մոտիվացնեն կամ դեմոտիվացնեն աշակերտին, այլ ուսումնական ծրագրերի տոտալ փոփոխությունները, իրական ռեֆորմները, այն նյութը, որը կստիպի այս տեխնոլոգիական և տեղեկատվական զարգացած աշխարհում երեխային հետաքրքրվել դասերի թեմաներով, ձգտում և մղում կառաջացնի դեպի ուսումնասիրվող առարկան և դրա նյութը»։

Հնչեցված հարցի շուրջ, մեր զրուցակից Լիլիթ Ստեփանյանի կարծիքով, ամենատարածված սխալն է, երբ երեխայի վարքի համար միավորային գնահատում է անցնում մատյան, որովհետև մատյանում դրված միավորային գնահատականը երեխայի գիտելիքների համար է։ Պատգամավորի խոսքով՝ երեխային ոգևորող կարող է լինել նաև ուսուցչի կողմից հնչեցված գովասանքի խոսքը, ժպիտը, որոնք նույնպես գնահատականման միջոց են։ Ստեփանյանը չհամաձայնեց այն կարծիքի հետ, թե ուսուցիչները որպես պատիժ օգտագործում են ցածր գնահատականներ դնելու մեթոդը։ Նա շեշտեց, որ նման դեպքերի քանակը փոքր է։

«Նորից շեշտենք, որ միավորային գնահատման կարգը հանվում է 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում։ 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակում երեխաները քիչ-քիչ կսկսեն միավորային գնահատական ստանալ։ Երբ  երեխան առաջին անգամ դպրոց է գնում, նա ընդհանրապե ծանոթ չի լինում գնահատականին, գնահատման համակարգին, և այն, ինչ ուսուցիչը մատուցի աշակերտին, կդառնա  նրա համար բնականոն և սովորական կրթական մաս»,- հավելեց պատգամավորը։

Մեր երեք զրուցակիցների կարծիքով էլ մանկավարժների մեծ մասը պատրաստ չէ այս փոփոխություններին, և մինչև դրան անցնելը պետք է վերապատրաստել ուսուցիչներին։

«Բոլոր ժամանակներում էլ մասնագետները սովորաբար ոչ բավարար պատրաստվածություն են ցուցաբերում փոփոխություններին ընդառաջ։ Եվ հենց սրանում էլ կայանում է կառավարության համապատասխան ոլորտը կարգավորող գերատեսչության աշխատանքի գրավչությունը, որպեսզի կարողանա ճիշտ ռազմավարություններ մշակի, իրական ռեֆորմներ նախաձեռնի և, դրանց ընդառաջ, նաև նախապատրաստի ոլորտի մասնագետներին։ Այս պահին կարծում եմ՝ դեռևս մեր մանկավարժներն ամբողջովին պատրաստ չեն սպասվող փոփոխություններին։ Որպես առաջին քայլ՝ պետք էր նախատեսել այդ մասնագետների և մանկավարժների որակավորման ու վերաորակավորման աշխատանքները, նոր միայն սկսել մեթոդական առանցքային փոփոխությունները»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Սողոմոնյանը, եզրափակելով իր խոսքը, հավելեց․

«Շատ ճիշտ եք ասում, և պետք է հիմա լայնամասշտաբ վերապատրաստումներ սկսեն։ Դրանք կարելի է անել նաև առցանց եղանակով։ Մենք պետք է փոխենք մեր և մեր մանկավարժների մտածողությունը, մոտեցումներրը»։

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նույնպես կարևորեց մանկավարժների վերապատրաստման գործընթացը։ Նա հավելեց, որ երկար տարիներ արմատացած մեթոդներով աշխատող ուսուցիչներին պետք է ասել՝ գնահատումը մնում է կրթական գործընթացի կարևոր մաս, բայց միավորային  տեսք չի ունենա։ 

«Ես գտնում եմ, որ գնահատում չպետք է լինի նաև 10-12-րդ դասարաններում, քանի որ Բոլոնյան գործընթացի հիմնական շեշտադրումներից մեկն էլ այն էր, որ ավագ դպրոցի հոսքային դասարանում սովորած և քննությունները հաջողությամբ ավարտած երեխան կարող է առանց որևէ քննության ընդունվել բուհ։ Աշխարհի ոչ մի կրթական մոդել չունի գնահատականակենտրոն կրթական համակարգ»,- եզրափակեց Ստեփանյանը։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել