Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի գործով դատական նիստը հետաձգվեց

 |factor.am|
18:18 - 14 մայիսի, 2020

Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի գործով դատական նիստը հետաձգվեց |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ տեղի է ունենում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը։

Նիստի մեկնարկին Բաբայանի պաշտպանական կողմը հարց հղեց դատավորին, թե արդյոք ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, ՍԴ նախագահ ընտրելու ընթացակարգի առնչությամբ այս քրեական գործով համարում է իրեն տուժող, թե՝ ոչ, որպեսզի հասկանան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն, թե՝ ոչ։

Դատավորն ասաց, որ եթե ինքը գործով տուժող լիներ, ապա կունենար գործով տուժողի կարգավիճակ և քանի որ ինքը չունի գործով նման կարգավիճակ հետևաբար նաև տուժող չէ։ Դատավորը նաև տեղեկացրեց, որ ինքը ինքնաբացարկ հայտնելու հիմքեր չունի։

Ի պատասխան սրա, Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ այդ պարզաբանումից իրենց համար հասկանալի չէ՝ դատավորը կողմնակալ է այս գործով, թե կողմնակալ չէ, քանի որ դատավորը իրենց զրկել է կողմնորոշվելու հնարավորությունից։

Դատավորի ճշտող հարցին, թե հիմա ներկայացնում են ինքնաբացարկի միջնորդություն, թե՝ ոչ, փաստաբանը ասաց․ «Քանի որ զրկվեցինք հնարավորությունից կողմնորոշվելու՝ ներկայացնենք դատարանին ինքնաբացարկի միջնորդություն, թե՝ ոչ, ուստի և չենք ներկայացնում»։

Մեղադրող կողմը ևս դատարանին ինքնաբացարկի միջնորդություն չուներ։ Մեղադրյալներից Արա Բաբլոյանն ասաց, որ աշխատում է «Արաբկիր» բժշկական կենտրում, խնամքի տակ ոչ ոք չունի։ Արսեն Բաբայանն էլ նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր հարցազրույցներից հետո իրեն ձերբակալել են, և գործը ունի բացառապես քաղաքական ենթատեքստ։

Արսեն Բաբայանը հարց ուղղեց դատախազներին, թե արդյոք նրանք իրենց այս գործով տուժող ճանաչում են, թե՝ ոչ։ Ինչին ի պատասխան դատախազ Հայկ Պետրոսյանն ասաց, որ եթե անձը իրեն տուժած է համար զրկված չէ դիմել վարույթն իրականացնող անձին և գործով համապատասխան կարգավիճակ ձեռք բերել։ Դատախազը նշեց՝ քիչ է մնում հարցնեք՝ ընտրության գնալիս այո ենք քվեարկել, թե՝ ոչ։ Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 9-ին՝ ժամը 13:30-ին։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել