ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին
10:21 - 16 մայիսի, 2020

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին:

Այս մասին որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ այսօր կայացած նիստի ընթացքում: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի՝ վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումները, կքննարկվեն վերոնշյալ սահմանափակումը ուժի մեջ թողելու կամ վերացնելու տարբերակները:

Արդեն հայտնի է Հայաստանի Բարձրագույն խմբի վերսկսումից հետո կայանալիք առաջին՝ թվով 18-րդ մրցափուլի խաղացանկը: Հետագա մրցափուլերի խաղացանկը կկազմվի 18-րդ տուրի ավարտից հետո՝ ելնելով մրցաշարային աղյուսակում թիմերի վերջնական դասավորությունից:

Հայտնի է նաև Առաջին խմբի առաջնության վերափոխված խաղացանկը:

ՀՖՖ գործադիր մարմինն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխություններ մտցնել խաղացանկի մեջ՝ ելնելով հանրապետությունում այդ պահին տիրող իրավիճակից, կառավարության որոշումներից և պարետատան ցուցումներից:

ՀՖՖ Գործկոմը կայացրեց ևս մի քանի որոշում: Մասնավորապես, որոշվեց հունիսի 1-ից վերափոխված խաղացանկով վերսկսել ՀՀ ֆուտզալի սուպերլիգայի մրցաշարը:  Հունիսի 1-ին կմեկնարկի նաև Ֆուտզալ լիգայի VBET գավաթի խաղարկությունը:  Որոշվեց չեղարկել կանանց ֆուտբոլի Բ խմբի մրցաշարը և գավաթի խաղարկությունը: Ա խմբի հաղթողին որոշելու համար հունիսի 14-ին՝ ֆուտբոլի ակադեմիայում, կմրցեն այս պահի դրությամբ մրցաշարի առաջատար «Ալաշկերտը» և երկրորդ տեղում ընթացող «Շիրակ-Հոմենմենը»: Անձնական հանդիպումներում առավելություն ունենալու շնորհիվ, նույնիսկ ոչ-ոքիի դեպքում մրցաշարի հաղթող կճանաչվի «Ալաշկերտը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել