civilnet.am: ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեսակապի միջոցով հանդիպումից հետո առավել ակտուալ է դառնում ապրիլյան պատերազմի օրերին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ հանդիպումը․ այդ մասին մայիսի 29-ին հայտարարեց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ներկայացնելով Նալբանդյանի հետ տեսակապի միջոցով հանդիպման արդյունքները:
«Մեր այսօրվա հանդիպուից հետո մի բան կարող եմ ասել՝ Յուրի Խաչատուրովն ունի ևս երկու օր ժամանակ ներկայանալու հանձնաժողով և պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Ես շատ կարևոր հայտարարություն եմ անում, հատկապես երկու ժամից ավել պարոն Նալբանդյանին լսելուց հետո», - ասաց Քոչարյանը՝ նկատելով, որ կան հանգամանքներ, որոնց վերաբերյալ Խաչատուրովը պետք է պատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին:
«Դրանք այնքան կարևոր են, որ ես հիմա այս հայտարարությունն անում եմ: Խաչատուրովը դեռ երկու օր ժամանակ ունի՝ հանձնաժողով ներկայանալու: Մենք հունիսի 4-ին ենք ավարտում աշխատանքը», - հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ այլապես հանձնաժողովն իր եզրակացությունները կներկայացնի առանց Խաչատուրովին լսելու, և դրանց մեջ կլինեն եզրահանգումներ, որոնցով պետք է զբաղվեն այլ մարմիններ: «Քննիչ հանձնաժողովն այլևս անելիք չունի», - հավելեց նա:
Քոչարյանը չի հասկանում՝ ինչու է մերժում Խաչատուրովը հանձնաժողով ներկայանալու հրավերը այն դեպքում, երբ մյուսները, այդ թվում՝ նախկինում իր ենթակաները, եկել և պատասխանել են հանձնաժողովի անդամների հարցերին:
Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովի անդամների հարցերին տվել է «շատ դիվանագիտական պատասխաններ»: «Բայց հարցերն այնքան համապարփակ են եղել... Մեզ համար կարևորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ տեղեկատվության հետ», - ասաց նա:
Ավելին՝ Civilnet.am-ում։
comment.count (0)