Յուրի Գրիգորիի Խաչատուրովը (մայիսի 1, 1952, Թեթրի Ծղարո) ՀՀ ռազմական գործիչ է, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար։
Նրան Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով։ Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից 2018 թվականի նոյեմբերի 2-ին։
Ավարտել է Թեթրի-Ծղարոյի միջնակարգ դպրոցը 1969 թ.–ին։ 1974 թ. –ին գերազանցությամբ ավարտել է Կարմիր դրոշի շքանշանակիր Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը։ 1982 թ. օգոստոսից մինչեւ 1985 թ. հունիսը սովորել է Լենինգրադի Մ.Ի.Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր։
2000 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։
2008 թ. ապրիլի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
2009 թ. հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
2013 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի՝ հրամանագրով զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվել է մինչեւ 2017 թ. մայիսի 1-ը։
2016 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
2017 թվականի ապրիլի 14-ին Ղրղզստանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ մայիսի 2-ից նշանակվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար։ Այս պաշտոնից ազատվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին։