Ոստիկանության համազգեստը պետք է քաղաքացու համար ունենա զգաստացնող նշանակություն. վարչապետը ներկայացրել է ոստիկանապետին |armtimes.com|
10:34 - 09 հունիսի, 2020

Ոստիկանության համազգեստը պետք է քաղաքացու համար ունենա զգաստացնող նշանակություն. վարչապետը ներկայացրել է ոստիկանապետին |armtimes.com|

armtimes.com: Մեր ամենամեծ մարտահրավերը, որը հավելյալ ավելացել է ոստիկանության գործառույթներում, կորոնավիրուսի հավավարակն է: Վերջին 3 ամիսներին ոստիկանությունն այս առումով ահռելի աշխատանք է կատարել: Առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում մեծ դեր է ունենալու ոստիկանությունը:

Այս մասին քիչ առաջ ՀՀ ոստիկանության ղեկավար կազմին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ կազմին ներկիայացնում էր նոր ոստիկանապետին:

«Ոստիկանության աշխատակիցը, համազգեստը պետք է յուրաքանչյուր քաղաքացու համար ունենա խիստ զգաստացնող նշանակություն: Ոստիկանության համազգեստով մարդ տեսնելիս ՀՀ քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա, տեսնի հարազատի, մերձավորի, պաշտպանի եւ դիմի նրան:

Երբեմն եղել է, որ պոզիտիվն այնքան շատ է եղել, որ ընդհանրապես այդ ձգվածության զգացումը չի եղել ոստիկանի նկատմամբ: Սա պահանջում է մեծ աշխատանք՝ գիտելիքի, փորձի վրա հիմնված: Պարո՛ն Ղազարյան, ձեր խնդիրն է այս գործառույթներն ապահովելը:

Ոստիկանությունը վարչապետին ենթակա կառույց է եւ յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է զգա վարչապետի ներկայացուցիչ, որ շփվում է ժողովրդի, քաղաքացու եւ հանվագործի հետ: Հանցագործները պետք է զգան սաստող, վախեցնող կերպար, օրինապահ քաղաքացիները՝ ուժ ու պաշտպանություն:

Ես չեմ ցանկացել հեղափոխության ձեզ հայտնի իրադարձություններից հետո ՀՀ ոստիկանության որեւէ աշխատակցի ընկալել որպես փշալարի այն կողմում գտնվող մարդ: Այդպիսի վերաբերմունքի նվազագույն դրսեւորում անգամ չի եղել եւ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է տեսնեն՝ ով ինչպես է օգտագործել հնարավորությունը»,-ասաց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ չկա ծանոթ, չկա ընկեր, չկա մտերմություն: Տրվում է աշխատելու հնարավորություն եւ պետք է օգտագործել այդ հնարավորությունը:

Ըստ վարչապետի՝ նրանք, ովքեր կչարաշահեն այդ հնարավորությունը՝ տեղ չունեն ոստիկանության շարքերում, քանի որ իր նպատակն է ոստիկանության արդյունավետության բարձրացումը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների:

Նիկոլ Փաշինյանը Արման Սարգսյանին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ իրենք կվերլուծեն այն, ինչ արվել է այս ընթացքում, Վահե Ղազարյանին էլ շնորհավորեց նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել