«Իմ քայլն» ու Ծառուկյանը՝ հեղափոխությունից մինչև մեր օրեր |fip.am|
14:40 - 10 հունիսի, 2020

«Իմ քայլն» ու Ծառուկյանը՝ հեղափոխությունից մինչև մեր օրեր |fip.am|

fip.am: Հունիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի հրատապ նիստի ընթացքում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոշտ քննադատության ենթարկեց կառավարությանը։ «Կա խնդիր, կա պրոբլեմ, ժողովրդի սպասելիք, կա խոստումներ, որ ժողովուրդն անհամբեր սպասում է իրականացմանը։ […] Եթե ուզում են իրականացնել, պետք է 97 տոկոսին փոխել, բոլորդ էլ հիշում եք: Բայց այսօր տեսնելով, այս ասենք թե, ձախողումները, լիարժեք արդեն կարող եմ ասել` ոչ թե 97, 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլորն իրենց աշխատանքով, արդյունքով բոլոր ոլորտները ձախողված են»,- հայտարարեց Ծառուկյանը։ 

Ծառուկյանի ելույթը միանշանակ չընդունվեց։ Ծառուկյանին հակադարձել շտապեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները։

Գագիկ Ծառուկյանին արձագանքեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը հարցին, թե պատասխան հայտարարություն լինելո՞ւ է, թե ոչ, հայտարարեց․ «Ոչ, հայտարարություն չի լինելու։ Որ կուսակցությունն ինչ որ բան խոսի, մենք պետք է արագ դրան հայտարարությու՞ն անենք։ Հենա ես խոսում եմ, իմ գործընկերները խոսում են, համարեք, որ դա դրա արձագանքն ա։ Ինչի՞ պիտի մենք դրա համար հայտարարություն անենք»։

Ավելի վաղ, Ծառուկյանի հայտարարությանն ի պատասխան, Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և անուղղակի մեղադրանքներ հնչեցրել Ծառուկյանի հասցեին՝ թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու, բիզնեսներ հիմնելու ու խլելու, կեղեքման ու թալանի վերաբերյալ։ «Ափսոսում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»,- իր գրառումը եզրափակել էր Մակունցը։

 

 

Պատգամավոր Սիփան Փաշինյանը, իր հերթին, ֆեյսբուքյան իր գրառմամբ անուղղակի կերպով մեղադրել էր Ծառուկյանին քաղաքական հանցավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու, փողերի և գույքի յուրացման, օրենքներին չենթարկվելու, ընտրություններ կեղծելու, մարդկանց ունեզրկելու, դավաճանների հետ շփվելու մեջ, իսկ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հիշեցրել էր խմբակային բռնաբարության, կեղծված ընտրությունների ու Հյուսիս-հարավի փողերի յուրացումը։ Ծառուկյանի հայտարարություններին արձագանքել էր նաև պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ զարմանք հայտնելով ԲՀԿ առաջնորդի «երեսպաշտության այդ մասշտաբներից»։

 

 

«Փաստերի ստուգման հարթակը» վերհիշել է, թե ինչպես են հեղափոխությունից հետո զարգացել «Քաղաքացիական պայմանագրի» և «Բարգավաճ Հայաստանի» հարաբերությունները, ինչպես է վերաբերվել իշխող ուժը Գագիկ Ծառուկյանին և ի՞նչ կարծիքներ է հնչեցրել նախկինում Ծառուկյանի մասին։

«Բարգավաճ Հայաստանը»՝ հեղափոխության օրերին

2018 թ․ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հայտարարեցին, որ «միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը»։

Մայիսի 2-ին Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարվեց, որ «Ծառուկյան դաշինքը» մայիսի 9-ին կողմ է քվեարկելու «ժողովրդի թեկնածուի»՝ Նիկոլ Փաշինյանի օգտին (մայիսի 1-ին ևս «Ծառուկյան դաշինքը» կողմ էր քվեարկել Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելուն, սակայն Հանրապետական կուսակցությունը չէր ապահովել անհրաժեշտ ձայները)։

Հեղափոխությունից 5 ամիս անց՝ հոկտեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրվել է հուշագիր՝ դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Ըստ հուշագրի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի։

Դրանից մի քանի օր անց՝ հոկտեմբերի 18-ին, Առինջ գյուղում Ծառուկյանին պատկանող Մայնինգ ֆերմայի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան․ «Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, մնացածը արդեն իմ մեկնաբանության խնդիր չէ»,— հայտարարեց Փաշինյանը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ Հայաստանում օլիգարխներ չկան։

ԱԺ փոխնախագահի ընտրությունները

7-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո՝ հունվարի 15-ին, տեղի ունեցավ ԱԺ փոխխոսնակների ընտրությունը։ Ընդդիմադիր խմբակցություններից փոխխոսնակի թեկնածուներ առաջադրվեցին Վահե Էնֆիաջյանը՝ ԲՀԿ-ից, և Մանե Թանդիլյանը՝ «Լուսավոր Հայաստանից»։ Գաղտնի քվեարկության արդյունքում 108 ձայնով ԱԺ փոխխոսնակ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը։ Այլ կերպ ասած՝ «Իմ քայլը» խմբակցությունը գրեթե միաձայն (գրեթե, որովհետև այս խմբակցությունից մեկ պատգամավոր քվեարկել էր Մանե Թանդիլյանի օգտին — խմբ․) ընտրեց Վահե Էնֆիաջյանին։

Քվեարկությունից հետո «Իմ քայլը» խմբակցությունն իր քվեարկությունը հիմնավորել էր նրանով, որ «Բարգավաճ Հայաստանը» ստացել է ընտրողների կողմից ավելի շատ ձայն, և հետևաբար՝ խմբակցությունը չի կարող այդ փաստը հաշվի չառնել։ Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր․ ««Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է, որ ինքը իրեն իրավունք չի վերապահում փոխել ժողովրդի քվեարկությամբ հաստատված համամասնությունը: Հարգում է այդ քվեարկության արդյունքը և հաշտվում է իրողությունների հետ՝ անկախ նրանից, թե այլ պայմաններում ինչպիսի նախընտրություն կունենար»:

ՔՈ-ի հայցը և ՔՊ-ի անդրադարձը

Նախորդ տարվա ապրիլին «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմում ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։ 

Անդրադառնալով այս թեմային՝ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր․ «Քանի որ այս պահին գործընթացը գտնվում է իրավական տիրույթում, պետք է սպասել իրավապահների արձագանքին»։

Մի քանի օր անց, Հատուկ քննչական կոմիտեի որոշմամբ, Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ ՔՈ-ի դիմումը մերժվեց հանցակազմի բացակայության հիմքով, ինչից ենթադրվում է, որ ՀՔԾ-ն ապացուցված չէր համարում Ծառուկյանի՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստը։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ նախկինում իշխող ուժը ձեռնպահ էր մնում «Բարգավաճ Հայաստանի» կամ Գագիկ Ծառուկյանի մասին որևէ բացասական կարծիք ասելուց, սակայն հունիսի 5-ին Ծառուկյանի կողմից հնչեցված քննադատությունից հետո իշխող ուժը սկսեց մեղադրանքներ հնչեցնել վերջինիս հասցեին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել