armenpress.am: ՀՀ կառավարությունում շարունակվում է քննարկվել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցը:
Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին:
«Եթե անմիջական հանդիպելը շատ մեծ անհրաժեշտություն չէ, կարող ենք մեր խորհրդակցություններն ու քննարկումներն անցկացնել հեռավար: Դա շատ լավ հնարավորություն է: Արդյունավետության անկում ընդհանրապես չի լինում, որոշ դեպքերում կարող է լինել արդյունավետության ավելացում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ, ցավոք, օրենսդրությունը թույլ չի տալիս խորհրդարանի նիստերն անցկացնել հեռավար կարգով, սակայն ԱԺ պատգամավորների մեջ չկան վարակված անձինք, ինչը նշանակում է, որ նրանք բացառիկ պատասխանատու մարդիկ են, որոնցով կարելի է հպարտանալ:
comment.count (0)