Սա արդեն ոչ թե կորոնավիրուսի հետ կապված հարց է, այլ պետք է այս խնդիրը հասկանանք մեր հանրային, գուցե ազգային հոգեբանական շերտերի մեջ․ Նիկոլ Փաշինյան |news.am|

10:38 - 13 հունիսի, 2020

news.am: Սահմանված կանոնները համատարած չպահպանելու խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից. պետք է հանրային վարքագիծը փորձենք հասկանալ այլ տեսակետից եւ այլ տրամաբանությամբ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ես փողոցում տեսնում էի առանց դիմակի քայլող մարդկանց. քանի որ այցելել եմ նախորդ օրերին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, այսօր այնպիսի զգացողություն էր, որ այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք: Ուզում էի կագնել, իջնել ասել՝ հարգելիս, ո՞ւր ես գնում: Ուզում էի ասեի՝ կանգ առեք, ժողովուրդ ջան: Սենց մենք գնում ենք շատ վատ տեղ:

Ես եթեր եմ մտել, որ ասեմ, որ սա արդեն ոչ թե կորոնավիրուսի հետ կապված հարց է, այլ պետք է այս խնդիրը հասկանանք մեր հանրային, գուցե ազգային հոգեբանական շերտերի մեջ: Ես եկել եմ այն հետեւության, վարկածի, գուցե դուք հերքեք, ասեք այլ պատճառ կա, բայց իմ վարկածը հետեւյալն է, որ այս ամենը մեր հավաքական վերաբերմունքն է մեր պետական կարգի նկատմամբ: Էլի պետք է արձանագրեմ, որ մենք ավելի քան 500 տարի եւ ավելի շատ պետականություն չենք ունեցել եւ պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար:

Մենք չենք ունեցել պետական կարգ դարեր շարունակ: Չենք ունեցել այնպիսի պետական կարգ, որը մերը կհամարենք: Մեզ համար պետական կարգը եղել է օտարի կողմից պարտադրված ինչ-որ բան՝ պարսկական կայսրություն, Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն, Խորհրդային Միություն: Պետական կարգը երկար հարյուրամյակներ եղել է օտար, ուրիշի կողմից պարտադրված: Հետեւաբար պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ  ասոցացվել է բռնության հետ:  Այսինքն պետական կարգը մեր արժանապատվությունը ոտնահարելով հաստատվել է ուրիշի կողմից բռնությամբ:

Ընդ որում այդպես եղել է շատ հաճախ նաեւ Երրորդ հանրապետության պատմության մեջ, որովհետեւ այնտեղ, որտեղ եղել է կար, դա միշտ ասոցացվել է բռնության հետ, այն հակադրված է եղել մեր կամքին: Այսինքն պետական կարգը ոչ թե մեր ազատության գործիքն է եղել, այլ մեզ ազատությունից զրկելու գործիք:

Թավշյա հեղափոխությունը մեզ բերել է ազատություն եւ քանի որ պետական կարգը միշտ հակոտնյա է եղել մեր ազատությանը, հիմա այս ճգնաժամային իրավիճակում պետական կարգը ասոցացվում է որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ: Մեր գիտակցության մեջ չկա պետական կարգ, որի նպատակը կլինի մեզ պաշտպանելը:

Հեղափոխությունն ազատագրել է մեզ, հետեւաբար մեր ազատությունը ասոցացվում է կարգի բացակայության հետ: Սա շրջադարձային պահ է մեր պետության համար: Մենք երբեք մեր կամքով կարգ չենք ստեղծել: Մենք մեր կամքով պետք է ստեղծենք կարգ: Դա նշանակում է, որ մենք կջնջենք մեր ենթագիտակցության միջից պետականազրկության ամբողջ ինֆորմացիան: Պետականազրկության ֆայլերը կջնջենք: Մենք առաջին անգամ ունենք հնարավորություն կարգ ստեղծել մեր կամքով, ոչ թե բռնությամբ:

Վիրուսը բորբոքել է օտար պետականության հիշողությունը: Կամ էլ ուրիշ ավելի վատ վարկած, որ մեր սեփական պետականության ընկալումը դեռ բավարար չի արմատացել: Եթե այս բանաձեւը հասկանալի էր, երբ մենք Օսմանյան կայսրությունում էինք ապրում, այս բանաձեւը կործանարար է, երբ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում:

Իմ ակնկալիքն է, որ մենք բոլորով որպես քաղաքացի մեր կամքով կարգ հաստատենք: Սա նշանակում է, որ ամեն մեկն ինքը կատարում է կարգից բխող պայմանները, ինքը կարգ է ստեղծում իր վարքագծով եւ նույնը պահանջում է մյուսներից, այնպիսի միջավայր է ստեղծում, որ կարգը չկատարելը դառնա ամոթալի, որ կարգը չկատարողն իրեն զգա իզգոյ, օտարված»,-հայտարարեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել