hetq.am: Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ըստ այդմ, արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն կիրականացվի միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։
Նոր նախագծի միջոցով նախարարությունը սահմանում է ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։
Կառավարության կողմից այսօր ընդունված նախագծի համաձայն.
1. Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր ձկնատեսակների վրա, բացի սիգից և կարասից։
2․ Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։
Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը
3․Հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը՝ որսն արգելվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ․ մարտի 1-ը։
4․ Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով
(ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):
5․ Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։
Հարկ ենք համարում առանձնահատուկ ընդգծել, որ նախագծով արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցների վրա։
Հավելենք նաև, որ ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծության և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության արդյունքում առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։
Այս է պատճառը, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը՝ հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը։
comment.count (0)