Առաջիկայում կսկսվի Սարսանգի ջրամբարի ջրերի տեղափոխումը Թարթառ գետի աջափնյա մաս
19:37 - 25 հունիսի, 2020

Առաջիկայում կսկսվի Սարսանգի ջրամբարի ջրերի տեղափոխումը Թարթառ գետի աջափնյա մաս

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին ընդունել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանին և քննարկել շրջանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի կայքը:

Հանդիպման ժամանակ նախագահը տեղեկացրել է, որ շուտով իր լուծումը կստանա Մարտակերտի շրջանի դաշտերի ոռոգման խնդիրը: Կսկսվի Սարսանգի ջրամբարի ջրերի տեղափոխումը Թարթառ գետի աջափնյա մաս:

Բախշիյանը ներկայացրել է շրջանում իրականացվող պետական ծրագրերի ընթացքը, խոսել բերքահավաքի աշխատանքների և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին: Նա, մասնավորապես, անդրադարձել է երաշտի պատճառով շրջանի որոշ համայնքներում առաջացած խմելու և ոռոգման ջրի սակավության, բնակարանաշինության, միջհամայնքային ճանապարհների վերակառուցման հետ կապված հարցերին:

Անդրադառնալով շրջանում առկա գյուղատնտեսական խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառավարությունը կաջակցի այն հողօգտագործողներին, որոնք ընթացիկ տարում գարու ցածր բերքատվության պատճառով վնաս են կրել՝ նրանց տրամադրելով գարու սերմացու:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ սոցիալական ծրագրերի իրականացման շրջանակներում շինանյութերի ձեռքբերման համար պետական բյուջեից կհատկացվի 100 մլն ՀՀ դրամ, ևս 100 մլն ՀՀ դրամի չափով վարկ կտրամադրվի <<Ջրաբերդշին>> ընկերությանը՝ շինաշխատանքների ընթացքում առաջացող հրատապ խնդիրների լուծման համար:

Երկրի ղեկավարի խոսքով՝ մեծածավալ ֆինանսական միջոցներ են հատկացվելու ներհամայնքային ճանապարհների սալապատման, զոհված ազատամարտիկների, առաջին կարգի զինհաշմանդամների և բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդրի լուծման նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել է նաև ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել