Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի քաղաքացիներ.
Այսօր՝ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ է մտել Սահմանադրության 213 հոդվածի՝ Ազգային ժողովի նույն ամսվա 22-ին ընդունած փոփոխությունը, որի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար այս նշանակալի ու պատմական իրադարձության կապակցությամբ:
Սահմանադրության այս փոփոխության ուժով այսօրվանից՝
1. Սահմանադրական դատարանի՝ ընդհանուր տեւողությամբ 12 տարի պաշտոնավարած 3 անդամների (տիկին Ա. Գյուլումյանի, պարոնայք Ֆ. Թոխյանի եւ Հ. Նազարյանի) պաշտոնավարումը դադարում է, եւ նրանց փոխարեն՝ 2-ամսյա ժամկետում, Կառավարությունը, նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովն առաջադրելու են Սահմանադրական դատարանի դատավորի մեկական թեկնածու՝ Ազգային ժողովի ընտրությանը.
2. Մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված, սակայն ընդհանուր պակաս քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամները (տիկին Ա. Պետրոսյանը, պարոնայք Ա. Խաչատրյանը, Ա. Թունյանը եւ Հ. Թովմասյանը) շարունակելու են պաշտոնավարել մինչեւ իրենց պաշտոնավարման ընդհանուր ժամկետի 12 տարին լրանալը՝ «որպես Սահմանադրական դատարանի դատավոր».
3. Սահմանադրական դատարանի նախագահին եւ փոխնախագահին ընտրելու է Սահմանադրական դատարանը՝ դատարանի ամբողջական կազմի (9 դատավոր) համալրումից հետո:
Մինչ դատական կազմի համալրումը, Սահմանադրական դատարանում այս պահին պաշտոնավարում է 6 դատավոր, ինչը բավարար է Սահմանադրությամբ նախատեսված բոլոր լիազորությունների իրականացման համար հրավիրվող նիստերի իրավազորության համար, այսինքն՝ Սահմանադրական դատարանի գործունեության անընդհատությունը չի խախտվի:
Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության պայմաններում, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, օրենքի համաձայն, ժամանակավորապես այս պահից կատարում է ամենատարեց դատավորը՝ դատավոր Ա. Խաչատրյանը՝ մինչեւ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրությունը:
Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին քննարկումների բովանդակային մասը սկսվել էր ուղիղ մեկ տարի առաջ այս նույն օրը՝ 2019 թվականի հունիսի 26-ին Սահմանադրական դատարանի դատարանակազմական մարմիններին ուղղված իմ նամակով, որով Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման իմ պատկերացրած միջակայքը սկսվում էր նոր 7 դատավորների թեկնածուների առաջադրմամբ եւ ընտրությամբ՝ մինչեւ Սահմանադրական դատարանի, արդեն այսօրվանից՝ նախկին կազմի ճանաչմամբ եւ դրան դեմոկրատական լեգիտիմության պակասի խարանից ազատելու լուծմամբ: Իմ երդմնակալության պահից մինչ այս պահը ես չեմ մասնակցել Սահմանադրական դատարանի անդամների հրավիրած եւ անցկացրած որեւէ նիստի կամ քննարկման՝ համարելով, որ Սահմանադրական դատարանն իր, այլեւս՝ նախիկ, կազմով չի համապատասխանել սահմանադրականության, իսկ իր անցյալ եւ ներկա գործունեությամբ՝ ժողովրդավարական լեգիտիմության նվազագույն պահանջներին:
Հայաստանի Ազգային ժողովը՝ որպես Սահմանադիր, ընտրել է Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման այս տարբերակը, որը ես միայն ողջունել կարող եմ՝ Սահմանադրական դատարանի դատավորի իմ կարգավիճակում ներդնելով դրա, այսինքն այսուհետ՝ Սահմանադրության արդյունավետ իրագործման համար պահանջվող ջանքերը:
Այս լուծման առանցքային առավելություններն են՝
1. Սահմանադրական դատարանի նախկինում նշանակված անդամների դատավորի կարգավիճակով գործելու սահմանադրական հիմքի ամրագրումը.
2. Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության լիազորության՝ որպես դատարանի ինքնավարության եւ անկախության կարեւոր երաշխիքի կենսագործումը.
3. Ներդատարանական հավասարության հաստատումը դատարանի բոլոր դատավորների կարգավիճակների միջեւ (բացառությամբ՝ նրանց տված երդումների միջեւ էական տարբերության),
4. Սահմանադրությամբ նախատեսված դատարանի կազմավորման մոդելի գործարկումը՝ վերացնելով Սահմանադրական դատարանի մասով դրույթների պատրանքայնությունը եւ Սահմանադրական դատարանը դուրս բերելով դրա անցումային վիճակից,
5. Սահմանադրական դատարանի ժամանակագրորեն ամենահավասարակշռված կազմը. 4 դատավոր նշանակվել են 2010-2018 թվականներին, մեկն ընտրվել է 2018 թվականին, սակայն դեռ 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից, ինքս ընտրվել եմ 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ինչպես եւ դատարանի նորընտիր 3 դատավորները կլինեն:
Հուսով եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունից հետո Սահմանադրական դատարանի ընթացակարգային եւ գործառնական մոդելները խորքային քննարկման առարկա կդառնան նախեւառաջ դատավորների կողմից եւ դրա ընդունելի տարբերակի հանգելու դեպքում, Կառավարության եւ Ազգային ժողովի կողմից կապահովվի արդեն ներքին դատարանի բարեփոխման փուլը՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառնական անկախության բարձրացման, ընթացակարգերի եւ ապացույցների արդյունավետ տարբերակների ներդրման եւ դատարանի այլ անհրաժեշտ կարիքների բավարարման ուղղությամբ:
Այսու, Սահմանադրական դատարանն ունի Հայաստանի սահմանադրական անվտանգության եւ Սահմանադրության գերակայության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալները, որոնց գործարկմամբ բաղձալի արդյունքի հասնելու հնարավորությունը այլեւս Սահմանադրական դատարանի գործող կազմի եւ նորընտիր դատավորների ձեռքում է:
Սահմանադրության փոփոխության ուժի մեջ մտնելու կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախկին անդամներ տիկին Ա. Գյուլումյանին, պարոնայք Ֆ. Թոխյանին եւ Հ. Նազարյանին մաղթում եմ, որ իրենց վաստակած հանգիստը վայելեն ամուր առողջությամբ եւ խաղաղությամբ:
Շնորհակալ եմ այս՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ինքնիշխանության պաշտպանության համար առաջնային խնդրի վրա ձեր ուշադրության համար»։
comment.count (0)