ՀՊՏՀ ռեկտորը դիմել է նախարարին՝ իր լիազորությունները դադարեցնելու համար. մասնակցելու է ռեկտորի մրցույթին |armtimes.com|
12:37 - 29 հունիսի, 2020

ՀՊՏՀ ռեկտորը դիմել է նախարարին՝ իր լիազորությունները դադարեցնելու համար. մասնակցելու է ռեկտորի մրցույթին |armtimes.com|

armtimes.com: ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այն մասին, որ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով, որպեսզի շահարկումներին վերջ տալու համար մասնակցի ռեկտորի համար հայտարարվելիք մրցույթին:

Գալոյանը մասնավորապես գրել է.

«Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներ
Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին և այդ պատճառով դիմում եմ ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հուլիսի 1-ից ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով։ Լինելով ռեկտորի թեկնածու՝ հավատացած եմ, որ սա թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների համար, խուսափել հետագա շահարկումներից և կնպաստի հայտարարված մրցույթի առավել թափանցիկ ու անաչառ անցկացմանը։

Այս ամիսների արդյունավետ աշխատանքի համար ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, իմ շատ սիրելի ՀՊՏՀ կոլեկտիվին և ուսանողներին, գործընկեր կազմակերպություններին: Վերջին ամիսները բոլորիս համար ծանր փորձության ամիսներ էին, բայց մենք միասնաբար հաղթահարեցինք բոլոր դժվարությունները։ Վստահ եմ՝ դեռ երկար ենք աշխատալու միասին՝ լինելով ՀՊՏՀ առաջընթացի ականատեսը։ Առո՛ղջ եղեք»:

Հիշեցնենք՝ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել: Իր որոշումը նա պատճառաբանել էր նաեւ արժեքային այս տարբերությամբ, երբ մի դեպքում ատենախոսության հետ կապված խնդիրները վճռորոշ են դառնում, ինչպես դա եղավ նշված բուհի նախորդ ռեկտորի պաշտոնակատարի պարագայում, մյուս դեպքում անտեսվում են: Խոսքը ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի մասին էր:

Գոգյանի ազատման դիմում գրելու պատճառների մասին հայտարարություններից հետո մայիսի 25-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստը էր հրավիրել, որը տեղի էր ունեցել դռնփակ։

Գոգյանի ազատման դիմումին հաջորդած աղմկահարույց իրադարձություններից հետո ԿԳՄՍ նախարարն իր ֆեյսբուքյան էջի լայվի ժամանակ հորդորեց ռեկտորին եւս ազատվել պաշտոնից եւ մասնակցել մրցույթի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել