Գյումրիում շուտով իր դռները կբացի կամերային «Մտորումների թատրոնը» |hetq.am|
18:00 - 23 հուլիսի, 2020

Գյումրիում շուտով իր դռները կբացի կամերային «Մտորումների թատրոնը» |hetq.am|

hetq.am: Մայթին շարած փոքրիկ աթոռների վրա տեղավորված սակավաթիվ հանդիսատեսը հեքիաթի սպասումով լուռ հետեւում է կիսաթափանց էկրանին հայտնվող ու անհետացող ստվերներին: Եվս մի քանի րոպե եւ ներկայացումը սկսվում է: Գյումրվա բարբառով տարբեր պատումները հնչում են ծանոթ դերասանների ձայններով: Էկրանի հետեւում «թաքնված» տիկնիկավարները հմտորեն ղեկավարում են կաշվից պատրաստված խամաճիկներին: Գյումրեցի հանդիսատեսի համար ստվերային թատրոնը նորություն է: Սա տեսողական արվեստի ձեւ է, որ ձեւավորվել է Չինաստանում 1700 տարի առաջ, հետագայում տարածվել Հնդկաստանում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում:

Ստվերների թատրոնում կիրառվում են կիսաթափանց մեծ էկրաններ եւ հարթ մարիոնետներ՝ խամաճիկներ, որոնք կառավարվում են բարակ փայտիկներով: Մարիոնետները սովորաբար պատրաստվում են բարակ, թափանցիկ կաշվից, թղթից կամ ստվարաթղթից, կարող են լինել ինչպես ամուր եւ ամբողջական, այնպես էլ ճկվող եւ առանձին մասերից բաղկացած: Այստեղ էլ, ինչպես եւ տիկնիկային թատրոնի պարագայում, խամաճիկներին շունչ ու հոգի տվողը տիկնիկավարն է: 

 

 

Հուլիսի 19-ին, ստվերային ներկայացմամբ, Գյումրու նորաստեղծ «Մտորումների թատրոնն» առաջին անգամ, ոչ պաշտոնապես ներկայացավ իր սակավաթիվ հանդիսատեսին: Թատրոնի հիմնադիրը ՀՀ վաստակավոր արտիստ, Վ. Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնի դերասան եւ ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանն է: Գյումրիում գործող երկու թատրոնների՝ դրամատիկականի եւ տիկնիկայինի կողքին իր առաջին քայլերն անող 3-րդ թատրոնի ծնունդը համընկավ աշխարհն իրար խառնած կորոնավիրուսային պանդեմիայի, արտակարգ դրության հաստատման եւ մի շարք սահմանափակումների հետ: Հիմնադրի խոսքերով, Գյումրու 3-րդ թատրոնը հավակնություններ չունի մրցելու մյուս թատրոնների հետ, այն կամերային բնույթի է, լինելու է խիզախումների, գաղափարների իրականացման փորձարարական հարթակ: 

«Երկու տարի է մտածում էի այս մասին,-խոստովանում է Հովհաննես Հովհաննիսյանը,-երկար ժամանակ որոնումների մեջ էի, անգամ մտածում էի թատրոնը կոչել «Որոնումների թատրոն», սակայն հետո հասկացա, որ այն ինչը հանդիսատեսին բերելու է մեր մոտ, պարտադիր մտորումների տեղիք է տալու, այդպես ծնվեց թատրոնի ներկայիս անունը»:

 

 

Չլիներ կորոնավիրուսը, ապրիլի 1-ին՝ Հումորի միջազգային օրը, թատրոնը պաշտոնապես ազդարարելու էր մուտքը թատերական աշխարհ: Մարտ ամսին, երբ աշխարհում ամեն ինչ գնում էր փակման ճանապարհով, Գյումրու սրտում՝ Կումայրի արգելոցի հենց կենտրոնում, ծնվում էր մի նոր մշակութային օջախ: Տեղն եւս պատահական չի ընտրված: Աբովյան փողոցում գտնվող երկհարկանի շինություններից մեկի նկուղային հարկում 1978-79թթ-ին բացվել էր առաջին՝ «Կոնյակի բարը», որտեղ կարելի էր ճաշակել կոնյակ, վիսկի, ջին, սկոտչ, ռոմ, լսել ջազային երաժշտություն: 

«Բարմենը Ֆիլիպն էր: Երեկոյան այստեղ միշտ լիքն էր, գալիս էին միայն տղամարդիկ՝ կանանց մուտքն արգելված էր: Խմում էին, խոսում ու վերջում պարտադիր կռիվ էր՝ ժամը 24-ից հետո սկսվում էր Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»,-զրուցակիցս ծիծաղում է,-մենք էլ նոր-նոր կյանք մտնող 16-17 տարեկան պատանիներ էինք, դպրոցի համար տված գումարները խնայում էինք, որ գայինք մի բաժակ ռոմ կամ վիսկի խմելու, էդպես փորձում էինք հասուն կյանք մտնել: Վայրն ինձ համար միշտ ասոցացվել է ազատության, նոր գաղափարների հետ, այնպես որ Գյումրիում, երբ տեղ էի փնտրում թատրոնի համար, էս տեղն աչքի առաջ ունեի, խոսեցի տանտիրոջ հետ, որ հիմա Երեւանում է ապրում, սիրով համաձայնվեց վարձով տալ»:

 

«Մտորումների թատրոնն» ազատ հարթակ է լինելու ստեղծագործողների համար, որտեղ կարելի է գալ սեփական նախագծով, անգամ սեփական փոքրիկ թատերական կազմով եւ անել ներկայացումներ: Տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար Արթուր Օթարյանի համար նորաստեղծ թատրոնը հնարավորություն է մարմին տալու տարիների երազանքին: «Միշտ երազել եմ, որ Գյումրիում ունենանք ստվերների թատրոն,-ասում է Արթուրը,-Չինաստանում եւ Հնդկաստանում արվեստի այս տեսակը մեծ տարածում է ունեցել 2-րդ հազարամյակում, 16-րդ դարում տարածվել է Թուրքիայում, որտեղ ավելի շատ հայտնի է եղել «Ղարագյոզ» կոչվող տիկնիկը, հայերն եւս անմասն չեն մնացել այս արվեստին: Մենք՝ վերցնելով էդ կերպարն, իրեն կոչել ենք Ղազարոս: Երեւանում կա ստվերների թատրոն՝ «Այրոգի»-ին, որ գործում է 1980-ականներից, մենք էլ կլինենք երկրորդը: Անունը կորոշենք, երբ խումբը վերջնականապես ձեւավորվի, կարեւորը որ արդեն ունենք ստեղծագործելու տեղ»:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել