Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցը վաճառված է. սեփականատերը պարիսպ է կառուցում |armtimes.com|
14:59 - 25 հուլիսի, 2020

Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցը վաճառված է. սեփականատերը պարիսպ է կառուցում |armtimes.com|

armtimes.com: Գյումրու կենտրոնական հատվածների փողոցներից մեկում ծառեր են հատվել, կառուցապատում է սկսվել: Նման բողոքով գյումրու բնակիչ Մալխաս Ղազարյանն ասաց՝ շատ բան չգիտի ոչ վաճառողի, ոչ գնորդի մասով, բայց որ քաղաքի փողոցի այդ հատվածը վաճառվել է, ու սկսել են ծառուղին վերացել, որպեսզի դա դառնա փակ տարածք, հստակ է:

Նշենք, որ Մհեր Մկրտչյան փողոցի մի հատվածը ձգվում է մինչև Խրիմյան Հայրիկ խճուղի, երկրորդ մասն ավարտվում է Հայաստանի ազգայի պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի մոտ՝ դեպի Ձորի թաղ կոչվող հատվածում:

«Ֆունդամենտն են փորել, պարիսպ բդի շարեն: Լրիվ փողոցը վաճառված է: Կսեմ՝ ո՞վ է ծախել, որ առել ես, կսե մետրը 2000 դրամով առել եմ:

Եկել է, ընձի կսե՝ տոկ կուտա՞ս, գործ ենեմ: Ըսի՝ չէ, չեմ տա, ես մենակ կռնամ բողոքե, որ ուլիցն առել ես, բայց ո՞վ է ծախել: Լավ դու առար, բայց քաղաքապետարան ու կադաստրը ինչխ են հաստատել:

Հարցրեցի, կըսե՝ ես չեմ հասկընա՝ ընդիկ քու ի՞նչ գործդ է, ես էլ ըսի՝ այ մարդ, ես էլ չեմ հասկընա, թե դու ինչղ ես առել»,-վրդովված ներկայացրեց քաղաքացին:

Վիճահարույց տարածքը ժամանակին պատկանել է նախկին Տեքստիլ գործարանին: 88-ի աղետից հետո գործարանը չի աշխատել, այնուհետ սեփականաշնորհվել է, սեփականատերն էլ գործարանն ու գործարանի տարածքը մաս-մաս վաճառել է:

«Էդ մարդն էլ իրեն իրավունք վերապահեց, որ ինքն է էդ տարածքի և ճարտարապետը, և քաղաքապետը, և ամեն ինչը, ու սկսեց էդ հողամասերն իր գիտելիքների չափով բաժանել մանր մասերի, առանց հաշվի առնելու գլխավոր հատակագծի պահանջները, հողի օգտագործման, գործառնական  նպատակային նշանակությունը: Ու սկսեց աճուրդով վաճառել էդ հողամասերը, առանց որևէ քաղաքաշինական փաստաթուղթ հաշվի առնելու: Մենք դրա դեմ բողոք ներկայացրեցինք էն ժամանակ, որ անթույլատրելի է, դատական պրոցես սկսվեց, մենք պարտվեցինք:

Դրանից հետո արդեն, երբ որ էդ հողատերերն արդեն ուզում էին ստանալ ճարտարապետական առաջադրանք, նախագծման շինթույլտվություն, արդեն մեր իրավունքներն օգտագործելով, մեր պահանջները դրեցինք, որ անպայման պետք է տարածքի կառուցապատումն իրականացվի գլխավոր հատակագծին համապատասխան»,- բացատրեց Գյումրու քաղաքապետարանի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Նախկին սեփականատերը վաղուց է մահացել, սակայն գնորդները կան:

Նրանցից մեկն էլ Հովհաննես Հարությունյանն է, որն օրեր առաջ  տարածքում կառուցապատում է սկսել իրականացնել:

Տարածքը ձեռք է բերել աճուրդով՝ 2007-2008 թվականներին: Մեզ հետ զրույցում Հարությունյանը նշեց՝ օրենքով, փաստաթղթով:  ՀԺ-ի հարցին, թե ինչու այսքան ժամանակ սեփական տարածքում որևէ աշխատանք չի արվել, ասաց՝ տարբեր պատճառներով չի հարմարվել:

«Հիմա արդեն տարածքը կառուցապատվում է՝ արտադրություն հիմնելու համար: Ներդրում է արվելու էն հողի վրա, որը հանդիսանում է սեփականություն, ունի սեփականության վկայական և պահանջվող բոլոր փաստաթղթերը: Օրինական դիմել ենք Գյումրու համայնքապետարան, ստացել ենք շինթույլտվություն  և սկսել ենք իրականացնել շինաշխատանքները»,- ասաց սեփականատերը:

Խնդրի պարզաբանման նպատակով Գյումրու քաղաքապետարանին ուղղված մեր հարցերին կառույցի որոշմամբ պատասխանող գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը վստահ ընդգծեց. տարածքում ապօրինի շինարարություն է սկսված:

«Ես չգիտեմ ով է, բայց գիտեմ, որ էնտեղ ինչ-որ պարսպի կառուցման փորձ է կատարվել: Սկսել էին շինարարություն կատարել, որն ապօրինի էր: Մեր կողմից շինարարական աշխատանքների թույլտվություն չի տրվել, կասեցվել է սկսած աշխատանքը:

Թույլտվություն չկա, կարող  է տարիներ առաջ դիմել են, բայց էս վերջերս չեն դիմել շինարարությունից առաջ»,- ասաց քաղաքապետարանի պատասխանատուն:

Ոչ  թե էս վերջերս, կամ ավելի վաղ, այլ 2020 թվականի  մայիսին է Հարությունյանը քաղաքապետարանից ստացել  իր շինթույլտվությունը: Մայիսի 22-ին: Փաստաթղթի հաստատումն ու ստորագրությունը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանինն է:

Փաստաթուղթը փոխանցեց Հովհաննես Հարությունյանը: Դրանով սեփականատեր Հովհաննես Ավետիքի Հարությունյանին թույլ է տրվում Մհեր Մկրտչյան 48 հասցեում իրականացնել պարսպի կառուցում:

Լուսանկարում սեփականատիրոջ կողմից ներկայացված փաստաթուղթն է

Քաղաքապետարնի պատասխանատուն պնդում է, որ շինարարությունն ապօրինի է, սեփականատերը ներկայացնում է նույն քաղաքապետարանի կողմից իրեն տրված շինթույլտվությունը: Տարածքի բնակիչն էլ պնդում է՝ թույլ չի տա, որ որևէ մեկը փողոցը զավթի, պարիսպներ դնի, փակի իր, մյուսների և մեքենաների ճանապարհը:

Ճարտարապետն ասում է, իրենք էլ թույլ չեն տա, քանի որ Մհեր Մկրտչյան փողոցը քաղաքի մայր երակն է: Այն սեփականաշնորհված հատվածում միանալու է Խրիմյան Հայրիկ խճուղուն, իսկ հակյառակ ուղղությամբ՝  ձոր կա, որի վրայով կառուցվելիք կամրջով Մհեր Մկրտչյանը կմիանա Շիրակացի փողոցին:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել