ԲԴԽ-ն ընդունել են ՄԱԿ-ի փորձագիտական խմբին
07:27 - 24 հուլիսի, 2019

ԲԴԽ-ն ընդունել են ՄԱԿ-ի փորձագիտական խմբին

Հուլիսի 23-ին Բարձրագույն դատական խորհրդում նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ, որին մասնակցում էին Խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Մարդու իրավունքների, օրենքի գերակայության ծրագրերի պատասխանատու Մարինա Մալխասյանը, խմբի ղեկավար Ջեյսոն Գլուկը, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի եւ մասնագիտացված կենտրոնների ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակն էր քննարկել արդարադատության ոլորտի բարեփոխումների եւ հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացի ներկա վիճակին, դատաիրավական համակարգում առկա մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական ուղենիշերին առնչվող հարցերը, եւ այդ գործընթացում Խորհրդի ունեցած դերակատարությունը:

Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ ուրախ է՝ հյուրընկալելու կարեւոր առաքելությամբ Հայաստան ժամանած հյուրերին, որոնց հետ ակտիվ համագործակցությունը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ դատաիրավական բարեփոխումների այն համալիր ծրագրերի իրագործման հարցում, որոնք կարեւոր են ցանկալի դատական իշխանություն ունենալու համար:

Դատական իշխանության առջեւ ծառացած մարտահրավերները չափազանց էական են զարգացման այս փուլում, եւ դրանց լուծման համար կարեւոր կլինի նաեւ միջազգային գործընկերների աջակցությունը: Նա նաեւ կարեւորեց օրենսդրական փոփոխությունների մշակման գործընթացում Խորհրդի ներգրավվածության անհրաժեշտությունը, որը գործընթացն առավել արդյունավետ կդարձնի:

Խորհրդի անդամներ Հայկ Հովհաննիսյանի եւ Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ կապված դատաիրավական բարեփոխումների, դատական իշխանության արդյունավետ կառավարման, էլ-արդարադատության համակարգերի ներդրման, դատակենտրոնի ստեղծման, արխիվների թվայնացման, օրենսդրական փոփոխությունների, դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի օրենսդրական ընթացակարգերի, դատավորների գնահատման մեխանիզմների ապահովման, կարգապահական վարույթների օրենսդրական ընթացակարգերի, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների հետ:

Խմբի ղեկավար Ջեյսոն Գլուկը հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության եւ արդյունավետ քննարկման համար՝ ընդգծելով Խորհրդի կարեւոր դերակատարությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում եւ իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը:


Բարձրագույն դատական խորհուրդ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել