azatutyun.am: Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 18,5 միլիոնին, զոհերինը՝ 700 հազարին:
Եվրոպական երկրները շարունակում են պայքարել վարակի նոր բռնկումների դեմ: Ֆրանսիայի կառավարությանն առընթեր գիտական խորհուրդը նախազգուշացրել է, որ աշնանը կամ ձմռանը երկրին «մեծ հավանականությամբ» սպառնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Վերջին շաբաթների ընթացքում երկրում նոր դեպքերի թիվը սկսեց աճել, անցած մի քանի օրվա ընթացքում գրանցվել է մոտ 3,5 հազար դեպք, ավելացել է նաև վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը:
Եվրոպական այլ երկրներից, վերջին շաբաթների ընթացքում նոր դեպքերի աճ գրանցվել է նաև Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Իսպանիայում: Միացյալ Թագավորությունում, օրվա կտրվածքով, վարակվածների միջին թիվը աճում է, իսկ կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերը նվազում են: Լոնդոնում հունիսի 15-ից հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է:
Ավստրալիան 3,5 հազար դոլար տուգանք է սահմանել՝ կարանտինը խախտելու համար: Մոտ 500 զինծառայողներ փողոցներում կհսկեն կարանտինի պահպանումը:
Վիկտորիա նահանգի ոստիկանությունը բողոքում է ագրեսիայի բազմաթիվ դեպքերից և անգամ բռնությունից այն մարդկանց կողմից, ովքեր հրաժարվում են հետևել կանոններին և թողնել իրենց անուններն ու հասցեները: Վիկտորիա նահանգը և հատկապես դրա մայրաքաղաք Մելբուրնը համարվում են երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի հիմնական աղբյուրը:
Կիրակի օրվանից Մելբուրնում վեցշաբաթյա կարանտին է սահմանվել՝ կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճի պատճառով:
Հնդկաստանը նոր դեպքերի ամենամեծ աճն է գրանցել համաճարակի սկզբից ի վեր: Թուրքմենստանում, որտեղ պաշտոնապես կորոնավիրուս չկա, սկսել են տուգանել դիմակ չկրելու համար:
comment.count (0)