«Լիդիանի» ամբողջ նպատակը սադրանքն է, որպեսզի կոնֆլիկտային իրավիճակ առաջանա․ Նազելի Վարդանյան
17:52 - 05 օգոստոսի, 2020

«Լիդիանի» ամբողջ նպատակը սադրանքն է, որպեսզի կոնֆլիկտային իրավիճակ առաջանա․ Նազելի Վարդանյան

«Լիդիանի» ամբողջ նպատակը սադրանքն է, որպեսզի կոնֆլիկտային իրավիճակ առաջանա, եւ հետո ցույց տան, թե սրանք անկարգություններ են բնակչության կողմից։ Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Նազելի Վարդանյանը՝ հավելելով, որ արդեն երկու տարի է՝ Ամուլսարի պահապաններից գրեթե բոլորի նկատմամբ դատական գործեր են բացվել, ինչն, ըստ փաստաբանի, մարդկանց իրավունքների ոտնահարում է եւ որոշակի ճնշում, որպեսզի նրանք իրենց դիրքորոշումը չարտահայտեն։

Վարդանյանն ընդգծեց, որ այս գործընթացների ժամանակ բազմաթիվ օրենքներ են խախտվել՝ այդ թվում՝ Հողային օրենսգրի հոդվածները։ 

«Մի կողմից մարզի ոստիկանապետը մի պահ ասաց, որ գործ է հարուցվել, որպեսզի այդ հողերը հետ վերադարձվեն, նման մի արտահատություն արեց, որ ապօրինություն կա։ Մյուս կողմից հայտարարում է, որ այս պահին այդ տարածքը «Լիդիանի» սեփականությունն է, իսկ դա անթույլատրելի է, որովհետեւ, եթե դու գործ ես քննում, դիրքորոշում հայտնելու իրավունք չունես, իսկ ինքը դիրքորոշում է հայտնում, որ փաստատթղթերով այդպես է։ Այստեղ Հողային օրենսգրքի երկու հոդվածների խախտում կա․ 17-րդ հոդվածում ասում է, որ ավտոճանապարհների հողերը հատուկ կարգավիճակ եւ հատուկ սահմանափակման ռեժիմներ ունեն, 60-րդ հոդվածն էլ ասում է, որ չեն կարող սեփականաշնորհվել մի քանի հողեր՝ այդ թվում ավտոճանապարհները»,- խոսելով ավտոճանապարների եզրին պահնորդային տնակներ տեղադրելու մասին՝ ասաց Վարդանյանը։

Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ, բացի վերանշյալ օրենքները, Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 13-րդ հոդվածում նշված է, թե որ ճանապարհներն ունեն պաշտպանական գոտի։ Վարդանյանի խոսքով՝ առաջին կարգի ճանապարհները պետք է 70 մետր պաշտպանական գոտի ունենան, երկրորդ կարգինը՝ 50 մետր, եւ երրորդ կարգինը՝ 30 մետր։ Այսինքն՝ նվազագույնը 30 մետր հեռու պիտի դրվեն տնակները։ 

«Այդ նույն հոդվածի գաղափարն այն է, որ այդ 30 մետր տարածքի վրա նույնիսկ ծառ չպետք է տնկվի, ամբողջ գաղափարը ճանապարհների անվտանգության ու սպասարկման ապահովումն է։ Այս բոլոր հոդվածները խախտել են, եւ ոստիկանության երեկվա կեցվածքը, որ պաշտպանում էին «Լիդիանի» սեփականությունը, տպավորություն ստեղծեց՝ կարծես իրենք են եկել այդ պահնորդներին պահելու, դա էլ անթույլատրելի է, դա էլ խախտում է Սահմանադրության հոդվածները։ Մեր կառավարությունը պետք է ապահովի մարդկանց իրավունքների պաշտպանությունը եւ իրենց գործողությունները պայմանավորված եւ ուղղորդված պետք է լինեն մարդկանց իրավունքներով, այսինքն՝ ինչ որոշում կայացնում են մեր պետական կառույցները, դրանք պետք է համահունչ լինեն մարդկանց իրավունքներին»։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ մարդու իրավուքը գերակա նշանակություն ունի նույնիսկ օրենքի նկատմամբ։ Վարդանյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ոստիկանությունն ինչու է քրեական գործի առկայության պայմաններում շարունակում անօրինականությունները պաշտպանել եւ մարդկանց ավելի բորբոքել ու իրավունքները խախտել։ Խոսելով  Ամուլսարը շահագործելու նպատակ ունեցող ընեկերության գործողությունների մասին՝ իրավապաշտպանը նշեց, որ 2008 թվականին ներկայացրել է 33 էջանոց եզրակացություն, որտեղ մանրամասն ներկայացրել է, թե ինչ օրենքներ եւ կոնվենցիաներ են խախտվել։

«Գրեթե բոլոր բնապահպանական եւ ոչ միայն բնապահպանական օրենքները եւ կոնվենցիաները, որոնք առնչվում են այս խնդրին, այս ծրագրով խախտվել են։ Նշել եմ, որ կոռուպցիոն ռիսկեր պարունակող հանգամանքներ են, եւ իրավապահ մարմինները պետք է ստուգեն դրանք։ 2008 թվականի սեպտեմբերին ներկայացրել եմ, մինչ օրս որեւէ քննարկում չկա, հակառակը՝ առանց իմ ներկայության՝ այդ եզրակցության պատճառով իմ վերաբերյալ քրեական գործ է բացվել, եւ «Լիդիանը» շահել է։ Զարմանալի է, որ իմ հարցադրումներից յուրաքանչյուրը հաղորդում է հանցագործության մասին, եւ այդ ամենթողությունը, որի մասին այսքան խոսում ենք, սա է։ Պետությունը ոչ մի բան չի անում, ինչո՞ւ ստեղծվեց աշխատանքային խումբ, ինչո՞ւ հրավիրվեց Էլարդը, ինչպե՞ս գտան այդ Էլարդին, եթե ուսումնասիրենք, միգուցե կոռուպցիոն հանգամանքներ լինեն, թե ինչպես առանց մրցույթի գտան Էլարդին»,- հավելեց Վարդանյանը։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել