Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են մնալ հանրային քննարկման տիրույթում։ Վերջին օրերին Ջերմուկում իրավիճակը լարված է։ Սա այն բանից հետո, երբ Ամուսարի հանքը շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան» ընկերության կողմից վարձված պահնորդական ծառայությունը հեռացրեց բնակիչների տեղադրած շարժական տնակները ու փոխարենը տեղադրեց իր տնակները։ Արդեն մի քանի օր է՝ ջերմուկիցներն ու բնապահպանները ակցիաներ են իրականացնում Ամուլսար տանող ճանապարհին։ Նրանք պահանջներ են ներկայացրել կառավարությանը՝ հեռացնել պահնորդական ծառայության կողմից տեղադրված տնակները, սադրանքներ հրահրող պահնորդական ծառայությանը զրկել լիցենզիայից եւ վերջնական դիրքորոշում հայտնել խնդրի վերաբերյալ։
Թեմայի շուրջ Infocom.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ։
- Տիկին Սամսոնյան, չնայած տեղի ունեցող իրադարձություններին եւ լարվածությանը՝ իշխող քաղաքական թիմի ներկայացուցիրները կարծես լռություն են պահպանում։ Այն պարագայում, երբ ոստիկանական ուժերը անգամ ուժ գործադրեցին ցուցարարների նկատմամբ։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ։
- Ես կարծում եմ, որ իշխանության լռությունը բնական է, եւ այն պետք է սպասելի լիներ՝ թե՛ ջերմուկցիների, թե՛ բոլորիս համար, որովհետեւ պետք է համադրենք 2019 թվականին իշխանության արած հայտարարությունների հռետորաբանության փաստերը, պետք է վերհիշենք, որ հունվարին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարին եւ ասաց, որ եթե այն շահագործվեր, մենք ավելի շատ եկամուտներ կունենայինք բյուջեում, նույնիսկ հնարավոր է՝ երկնիշ աճ ունենալ։ Հետեւաբար, սա վկայում է տրամադրությունն այն մասին, որ իշխանությունը հակված է այն մտքին, որ Ամուլսարը պետք է շահագործվի։ Այդ լռությունը դրա վկայությունն է, որ եթե իրենք հակված են, որ հանքը շահագործվի, ուրեմն պետք է մնան անհաղորդ այս իրադարձություններին, որովհետեւ ի՞նչ պետք է ասի իշխանությունը ջերմուկցիներին, որովհետեւ երբ նոր էր հեղափոխությունը եղել, նույն իշխանությունը նույն ջերմուկցիներին խոսք էր տվել, որ Ամուլսարը մնալու է սար եւ հանք չի դառնալու, բայց երար քննարկելով իշխանությունների հետ եւ հասկանալով, որ այս հարցը քննարկումների դաշտում չի լուծվելու, ջերմուկիցները որոշեցին իրենց բողոքը այլ կերպ ներկայացնել։ Սկսեցին պահպանություն իրականացնել, փողոցային ակցիաներ իրականացնել։ Այս գործիքը ջերմուկցիների եւ Ամուլսարի պաշտպանների միակ գործիքն է այսօր։ Մենք կարող ենք նաեւ ասել, որ իշխանությունը, լավ հասկանալով, որ դա միակ գործիքն է, ընտրել է լավագույն պահը՝ Ամուլսարի հարցին վերջնական լուծում տալու համար՝ այն առումով, որ արտակագ դրության պայմաններում արգելված են հավաքները, եւ մարդիկ չեն կարող կիրառել իրենց բողոքի ձայնն արտահայտելու գործիքը։ Այս պայմաններում պարզ է, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ իշխանության մեծամասնությունը, եւ ոչ էլ այդ մեծամասնությունում գտվող նախկին եւ ներկայիս ակտիվ բնապահպան պատգամավորները պետք է լուռ մնան, որովհետեւ իրենք այդ հարցի վերաբերյալ այլեւս ասելիք չունեն։
- Ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության իրականացրած գործողությունները․ տեսանք, որ ուժ գործադրեցին ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկվածներ եղան։
- Որպեսզի ես ոստիկանական գործողություններին գնահատական տայի, շատ կարեւոր էր, որ լինեի ոստիկանական բաժանմունքում, այդ պատճառով օգոստոսի 4-ին եղա Վայքի ոստիկանական բաժանմունքում, որտեղ տեղափոխել էին բերման ենթարկվածներին։ Վարչական կալանքի ենթարկված անձանց հետ խոսեցի, իրենք թե՛ բերման ենթարկելու ընթացքում, թե՛ ոստիկանական բաժանմունքում որեւէ խնդիր չունեին։ Իրենք ասացին, որ խնդիր չունեն, բայց մինչեւ բերման ենթարկելու իրադարձությունը՝ տեղի են ունեցել ավելի վատ իրադարձություններ, ընդ որում՝ դրանց ակտիվ մասնակցություն է ունեցել «Լիդիանի» վարձած պահնորդական ընկերությունը։ Երեկ բնակիչները պատմեցին, որ նրանք քարերով են հարձակվել քաղաքացիների վրա, փոխադարձ հայհոյանքներ են հնչել եւ նույնիսկ պահնորդական ծառայություն իրականացնող անձանցից ոմանք ուժ են գործադրել ոստիկանության ծառայողների հանդեպ։ Ինձ որքանով տեղեկացրին՝ ոստկանակության ծառայողները եղել են քաղաքացիական հագուստով եւ նրանք չեն իմացել, որ դրանք ոստիկաններ են, բայց բոլոր դեպքերում սա չի արդարացնում այդ գործողությունները։ Ես կարծում եմ, որ ոստիկանության համար նույնպես պետք է քննարկման առարկա դառնան պահնորդական խմբի կատարած այս գործողությունները։ Այսինքն՝ դրանք պետք է օբյեկտիվ քննության առարկա դառնան եւ հասկանանք, թե որքանով են օրինաչափ։ Օգոստոսի 4-ին Վայքի բաժանմունք էին բերման ենթարկել 4 հոգու, որոնք պահնորդական ծառայություն իրականացնող խմբի անդամ էին։ Ինչպես հասկացա՝ նրանիցից մեկը բերման էր ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով՝ հայհոհել էր, հետո ասաց, որ հայհոյել են իրեն եւ ինքը փոխադարձ հայհոհանքներ է հնչեցրել։ Ընդհանուր իրավիճակը եղել է շատ լարված եւ ագրեսիվ։ Ես կարեւորում եմ ոստիկանության աշխատանքը այն տեսանկյունից, որ կարող են բախումներ լինել ոչ միայն ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ, այլեւ պահնորդական ծաայություն իրականացնողների եւ քաղաքացիների միջեւ, ինչպես տեսել ենք։ Ոստիկանությունը պետք է աչալուրջ լինի, գործի իրավաչափ եւ ամենակարեւորը, ուզում եմ շեշտադրել, որ ոստիկանությունն իրականացնում է հրահանգ, մարդկանց թույլ տալ, որ իրենց բողոքն արտահայտեն, դա պետք է թույլ տա կառավարությունը, իսկ կառավարությունը նորից եմ կրկնում, ընտրել է այն ժամանակը, երբ կա պարետի որոշում։ Անթուլատրելի է ուղղակի, որ մարդիկ չկարողանան իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Ես միշտ ասել եմ, որ Ամուլսարի խնդիրը իրենք համարում են իրենց կյանքի եւ անվտանգության խնդիրը։ Մարդու կյանքի իրավունքը իր հիմնարար իրավունքն է, եւ եթե հնարավորություն չունի իր բողոքն արտահայտելու, հետեւաբար մենք խնդիր ունենք առհասարակ ժողովրդավարության հետ։ Մի անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տվեցի՝ եթե Դուք այդքան գնահատում եք հանրաքվեի ինստիտուտը՝ որպես ժողովրդավարության կարեւոր ինստիտուտներից մեկը, եւ կարծում եք, որ մարդիկ կարող են որոշել ՍԴ-ի հարցը, արդյոք Դուք պատրա՞ստ եք, որ Ամուլսարի հարցն էլ լուծվի հանրաքվեով, որովհետեւ սա լավագույն օրինակն էր, որ տեղական հանրաքվեի միջոցով մարդիկ կարող էին որոշել՝ հանքը շահագործվի, թե ոչ։ Սա անմիջական ազդեցություն ունի այն մարդկանց վրա, որոնք ապրում են այստեղ եւ այդ մարդիկ կենսական անհրաժեշտություն ունեն՝ իրենց բողոքը արտահայտելու։
- Կառավարությունը «էլարդի» փորձագիտական խմբին պատվիրել էր համապարփակ եւ օբյեկտիվ փորձաքննություն ներկայացնել, ինչը արվել է, եւ պարզվել է, որ հանքի շահագործումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսների, բնության վրա, եւ, փորձաքննության համաձայն, «Լիդիանի» արած ՇՄԱԳ-ը թերի է եղել, ակտիվիստները պահանջում են կառավարությունից՝ այդ ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչել։ Ընկերությունն էլ պնդում է, որ խախտվում են իրենց իրավունքները․ ի՞նչ պետք է անի կառավարությունը։
- Անցյալ տարի մենք եւ անձամբ ես ուսումնասիրել էի այդ փորձաքննության փաստաթուղթը, իսկապես «էլարդն» ասում է՝ այո՛, իրականացվել է փորձաքննություն, բայց այն իրականացվել է թերի եւ փաստ չէ, որ այդ ռիսկերը կառավարելի են։ Մենք կարողացանք փաստեր վեր հանել փաստաթղթից, որ, օրինակ, փորձաքննություն իրականացնող անձիք Ամուլսարում եղել են միայն մեկ օր։ Մնացած ամբողջ տեղեկությունը իրենք հավաքագրել են եւ վերլուծել են՝ ըստ «Լիդիանի» տված տեղեկության, սա շատ կարեւոր փաստ է այնքանով, որ մենք հասկանանք՝ օբյեկտի՞վ է եղել արդյոք «Լիդիանի» տված տեղեկությունը, որպեսզի նաեւ հասկանանք՝ «Էլարդի» փորձաքննությունն օբյեկտի՞վ է, թե՞ ոչ։ Մենք անվստահություն ենք հայտնել Էլարդի փորձաքննության նկատմամբ, եւ դրանից հետո չի իրականացվել այլ փորձաքննություն, ՇՄԱԳ-ն էլ ուժը կորցրած չի ճանաչվել։ Այսինքն՝ չի լուծվել այն խնդիրը, որը մեզ կարող էր ապացուցել, որ Ամուլսարի հանքի շահագործումը ռիսկեր չի պարունակում․ այս հարցերը մնացել են օդում կախված։
- Հանքի շահագործման դեմ պայքարողները պնդում են, որ շահագործումը կլինի այս կառավարության վերջը։ Եթե հանքը շահագործվի, ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ։
- Ես չեմ կարող ասել կամ կանխատեսել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն։ Զարգացումներ, բնականաբար, կլինեն, որովհետեւ հեղափոխական ժամանակավոր իշխանությունը չի կատարել իր խոստումը։ Բնական է, որ սա կառավարության ֆիասկոն է՝ ջերմուկցիների եւ այն մարդկանց համար, որոնք կարծում էին, որ Ամուլսարը սար է մնալու եւ չի շահագործվելու որպես հանք։ Մարդիկ իրենց խաբված են զգում, եւ սա միայն նրա համար, որ իշխանությունը բավարար կամք չցուցաբերեց։
Infocom.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ։
«Մենք նշել ենք, որ բոլոր որոշումները պետք է լինեն համահունչ մարդկանց, ջերմուկցիների որոշումների հետ, ուրիշ տարբերակ չկա։ Երկորդը՝ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ Ամուլսարում լինեն բախումներ եւ ուժային ճնշումներ, եւ երրորդը՝ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ Ամուլսարի իրավիճակը կրկին լինի դեստրուկտիվ իրավիճակի՝ Հայաստանի քաղաքական, ներքաղաքական կյանքի համար»,- մեր զրույցում ասաց Աբովյանը։
Պատգամավորը շեշտեց, որ յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի ՀՀ քաղաքացիների, ջերմուկցիների եւ բոլորիս համար։ Անձամբ իր կարծիքով՝ Ամուլսարի հանքի շահագործումը վտանգավոր է եւ շատ մեծ բնապահպանական ռիսկեր է պարունակում՝ հաշվի առնելով բոլոր եզրակացությունները։
Ասպրամ Փարսադանյան
comment.count (0)