hetq.am։ Սիրարփի Գևորգյանը 2019 թվականի մայիսին «Ֆեյսբուք»-ում հայտարարություն է կարդում, որում ասվում է՝ կարի արտադրամասին անհրաժեշտ են կանայք՝ փաթեթավորող աշխատելու նպատակով, աշխատավարձը՝ օրական 7000 դրամ: Հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով զանգելուց հետո նրան բացատրում են, որ դա աշխատանքի տեղավորման գործակալություն է, և եթե ցանկանում է դիմել աշխատանքի համար, պետք է շտապի գրանցվել գործակալությունում, քանի որ տեղերը սահմանափակ են:
Գրանցման համար անհրաժեշտ էր անձնագիր և 5000 դրամ վճարում: Արամի 90 հասցեում գտնվող «Զատիկ» մասնավոր կադրային կենտրոնի տնօրեն Շուշանիկ Ներսիսյանը ընդունում է դիմողին և ներկայացնում առաջարկվող աշխատանքը, սակայն վճարումը կատարելուց անմիջապես հետո, երբ Սիրարփի Գևորգյանը հարցնում է՝ որտեղ է գտնվում կարի արտադրամասը և ինչ անունով է այն հայտնի, գործակալության տնօրենը հրաժարվում է տեղեկություն տրամադրել՝ ասելով, որ գործատուն անձամբ մեկ շաբաթվա ընթացքում կկապվի աշխատողի հետ:
Շուշանիկ Ներսիսյանը խոստացել է, որ պայմանագրի կնքման պահից սկսած՝ մեկ շաբաթվա ընթացքում գործակալությունը Սիրարփի Գևորգյանի համար ինքնակենսագրական կկազմի և կտրամադրի կարի արտադրամասի գործատուին:
«Մեկ շաբաթվա ընթացքում չստացա որևէ զանգ, մտածեցի՝ գուցե մոռացել են կամ աշխատանք չկա, որոշեցի ինքս զանգել: Զանգեցի, պատասխանեց Շուշանիկ Ներսիսյանը, ասաց, որ գրանցման օրը ճշտեմ և նորից զանգեմ, ես ասացի՝ երբ եմ գրանցվել և ասացի, որ դեռ ինձ չեն զանգել, շատ բարձր ձայնով ասաց՝ համբերի, կզանգեն և անմիջապես անջատեց հեռախոսը, փորձեցի նորից կապվել և ավելի ագրեսիվ և վատ պատասխան ստացա՝ պարզվեց պետք է չզանգել իրեն: Օրեր անց նորից զանգեցի ու պատասխան չստացա»,- պատմում է Սիրարփի Գևորգյանը:
Նրա մոտ գտնվող պայմանագրի օրինակում հստակ նշված են գործակալության և գործակալություն դիմողի պարտականությունները և իրավունքները: Ըստ պայմանագրի՝ գործակալությունը պարտավորվում է առաջարկել պատվիրատուին թափուր հաստիքներ՝ ըստ վերջինիս մասնագիտական տվյալների և ցանկության, իսկ կատարողը (այսինքն՝ այն անձը, ով դիմում է գործակալություն), ըստ պայմանագրի 2.3.1 կետի, պարտավորվում է միանվագ և անվերադարձ վճարել 5000 դրամ անդամավճար կատարողի ծառայությունից օգտվելու համար: Պայմանագրի 2.2.1 կետով ներկայացված է, որ պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման պահից՝ 6 ամիս ժամկետով:
Հասկանալու համար՝ արդյո՞ք պայմանագրի իրավական դրույթները խախտված չեն, դիմեցինք փաստաբան Տիգրան Սարգսյանին:
«Ծառայությունների մատուցման կարգը սահմանվում է Քաղաքացիական օրենսգրքով՝ ծառայություն մատուցողի և ծառայություն ընդունողի միջև: Պայմանագրում հստակ նշվում են կողմերի պարտականությունները և եթե պայմանագրով նախատեսված է, որ կողմը ծառայություն պետք է մատուցի, սակայն չի մատուցել, բնականաբար, քաղաքացին կարող է պահանջել գումարը:
Սակայն կա նաև մեկ կարևոր հանգամանք, գործակալության աշխատակիցը կարող է գումարը չվերադարձնել՝ պատճառաբանելով, որ իրականացվել է աշխատանքի որոնման գործընթաց՝ տվյալ քաղաքացու համար: Ոլորտը ունի պաշտպանվածության բաց: Հասարակությանը հնարավոր խարդախություններից զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է, որ ոլորտը առանձնահատուկ կարգավորվի: Ցանկալի և օրինաչափ կլինի, եթե աշխատանքի տեղավորման գործակալությունները լիցենզավորվեն: Ներկայումս գործող օրենսդրությունը լիցենզիայի պայման չի նախատեսում և ցանկացած անձ, անհատ այսօր կարող է հիմնել նման գործակալություն և գործունեություն ծավալել:
Վտանգ կա, որ նման գործակալությունները կարող են հազարավոր քաղաքացիներից գանձել նման գումարներ և երբեք որևէ մեկին աշխատանքի չտեղավորել: Հետևաբար, նման գործակալությունների աշխատանքը կդադարեցվի»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
«Զատիկ» աշխատանքի տեղավորման գործակալության գործունեության վերաբերյալ սոցիալական ցանցերում կան մի շարք հրապարակումներ, որտեղ աշխատանք փնտրողները դեռ 2 տարի առաջ բողոքում էին « Զատիկ» կադրային կենտրոնի աշխատելաոճից: Ներկայացնում ենք հրապարակումները «Զատիկ» կադրային կենտրոն անվամբ ֆեսյբուքյան էջից: Քաղաքացիները հիմնականում գործակալության գործունեությունը որակում են որպես «խաբեություն»:
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)