Մարալիկի ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքի 13 աշխատակիցները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, կուտակվել է 12 մլն դրամ չվճարված աշխատավարձ. ԱԿ տնօրենի ԺՊ |tert.am|
11:48 - 21 օգոստոսի, 2020

Մարալիկի ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքի 13 աշխատակիցները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, կուտակվել է 12 մլն դրամ չվճարված աշխատավարձ. ԱԿ տնօրենի ԺՊ |tert.am|

tert.am:  Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի 13 աշխատակիցները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, այս ընթացքում կուտակվել է 12 մլն դրամ չվճարված աշխատավարձ: Այս մասին «Մարալիկի առողջության կենտրոնի» ծննդատան աշխատակիցների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը:

Նա նշեց, որ երբ 2019-ին որոշում կայացվեց փակել բաժանմունքը, սակայն քաղաքացիները բողոքի ակցիաներ արեցին, նրանց առաջարկեցին վերազինել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, որից հետո կատարվի ուսումնասիրություն, այնուհետև որոշում կկայացվի: «Մենք փորձեցինք բաժանմունքը վերազինել, այս տարվա փետրվարի 18-ին տեղի ունեցավ ուսումնասիրություն, որի արդյունքում բաժանմունքին չշնորհվեց կարգ»,-նշեց նա:

Այնուհետև, Հովսեփյանի խոսքով, արել են ամեն ինչ առկա բացերը լրացնելու համար, բաժանմունքը վերազինել են անհրաժեշտ բժշկական սարքերով, սակայն երբ դիմել են Առողջապահության նախարարություն, պատասխան են ստացել, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ուսումնասիրություն անելու համար հանձնախումբ չունեն:

Տնօրենի ԺՊ-ի խոսքով՝ մյուս խնդիրն այն է, որ երբ բաժանմունքի պետպատվերը մերժվել է, չի եղել Կառավարության որոշում: «Չկա հստակ իրավական ակտ, որի հիման վրա բաժանմունքի 13 աշխատակիցներին հնարավոր կլիներ ծանուցել, որ իրենք աշխատանքից ազատված են: Այսինքն՝ իրենք գտնվում են աշխատանքի մեջ, բայց չեն ստանում աշխատավարձ: Այս 7 ամսվա ընթացքում էլ գրանցվել է 21 ծնունդ»,-ասաց Հովսեփյանը, ապա ընդգծեց, որ ֆինանսական բեռն օրեցօր ավելանում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել