«Վիվասել ՄՏՍ»-ն ու «Բիլայնը» մերժել են Արցախին կապի ծառայություններ մատուցել, «Յուքոմը» չի էլ պատասխանել դիմումին. վաղվանից Արցախի տարածքում ունենալու ենք 3G կապ. Արայիկ Հարությունյան |tert.am|
16:48 - 02 սեպտեմբերի, 2020

«Վիվասել ՄՏՍ»-ն ու «Բիլայնը» մերժել են Արցախին կապի ծառայություններ մատուցել, «Յուքոմը» չի էլ պատասխանել դիմումին. վաղվանից Արցախի տարածքում ունենալու ենք 3G կապ. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ «Ղարաբաղ տելեկոմի» մենաշնորհի հետ կապված խնդրին՝ նշելով, որ մենաշնորհային պայմանագիրը կնքվել է 2002 թվականից 30 կամ 35 տարի ժամկետով:

«Պաշտոնավարման վերջին օրերին նամակ եմ գրել «Յուքոմ»–ի հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին,  MTS Հայաստանի գլխավոր տնօրեն պարոն Յիրիկյանին և Պյատախինին՝ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենին: Բովանդակությունը նույնն է. հրավիրել եմ Արցախում կապի բնագավառում ծառայություններ մատուցելու, երկուսի պատասխանը մոտս է՝ բացասական, «Յուքոմ»–ը պատասխան չի տվել: Եսայանին, որ հանդիպել եմ, հարցրել եմ՝ ինչո՞ւ գոնե չեք պատասխանել բացասական, ասաց՝ նամակը չենք էլ մուտքագրել»,- պարզաբանեց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց, որ սա ասում է, քանի որ մշտապես խոսվում է մենաշնորհի մասին, սակայն իրենք մշտապես այդ ուղղությամբ աշխատանք կատարել են: «Նոր օպերատոր, որը հայկական օպերատոր չլինի, որևէ առավելություն Արցախին չի տալու, հակառակը՝ ունենալու ենք ավելի մեծ պրոբլեմներ, դրա համար ես միշտ աշխատել եմ ստեղծված իրավիճակում ունենալ օպտիմալ լուծումներ: Օրեր առաջ եղել եմ Լիբանանում և հանդիպել եմ «Ղարաբաղ Տելեկոմ»–ի միակ սեփականատեր Պիեր Ֆատուշի հետ, և մենք համատեղ մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը թույլ է տալու Արցախում ունենալ բարձրակարգ և մատչելի գներ»,- ասաց նա:

Նա նշեց, որ նախընտրական փուլում հայտարարել է՝ ամիսների ընթացքում Արցախն ունենալու է Հայաստանի կապի որակին համապատասխան կապ: «Իհարկե, այդ աշխատանքները պետք է սկսած լինեին մայիս-հունիս ամիսներին, սարքավորումները եկել են Ղարաբաղ, բայց մասնագետները չեն եկել՝ պայմանավորված կորոնավիրուսով:

«Ղարաբաղ Տելեկոմի» մասնագետները, հեռավար բանակցելով, արդեն այս գիշեր վերագործարկելու են նոր կայանները: Շատ երկար ու ծանր է եղել, վաղվանից Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ, իսկ 4G Համակարգ Ստեփանակերտում և մնացած խոշոր բնակավայրերում ծրագրվում է առաջիկայում՝ հիմնականում մյուս տարի»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել