Արայիկ Հարությունյանին Բաքվում մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածներով․ Ադրբեջանի ԱԱԾ
10:59 - 05 հոկտեմբերի, 2023

Արայիկ Հարությունյանին Բաքվում մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածներով․ Ադրբեջանի ԱԱԾ

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Նրան կեղծ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 9 հոդվածներով։  

Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնում է, թե Ստեփանակերտում ծնված Արայիկ Հարությունյանի վերաբերյալ «ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկաններ հավաքագրելու, նրանց՝ ռազմական հակամարտության մեջ ներգրավելը կազմակերպելու, զինված հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, զինված հակամարտության ժամանակ ապօրինի հրամաններ տալու վերաբերյալ հիմնավոր կասկածներ են հաստատվել»։

Սրանից բացի՝ նշվում է, թե, իբր, «հիմնավոր կասկածներ են հաստատվել նաև այն մասին, որ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ադրբեջանի տարածքում ապօրինի զինված միավորումների կազմավորմանն ու գործունեության կազմակերպմանը, դրանց զինմանը, ինչպես նաև զբաղվել է մաքսանենգությամբ և ահաբեկչության ֆինանսավորմամբ»։

«Ձեռնարկված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արայիկ Հարությունյանը ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար շարունակաբար ականապատել Ադրբեջանի տարածքները, բալիստիկ և այլ տեսակի հրթիռներով թիրախավորել է Գյանջա քաղաքի ու Բարդայի շրջանի քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները»,- նշվում է Ադրբեջանի ԱԱԾ հաղորդագրության մեջ։ 

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Արայիկ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020 թվականի հոկտեմբերի 28-ին, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և նրա նկատմամաբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

«Նա ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտում, վերջինիս մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 9 հոդվածներով։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշել են Ադրբեջանի ԱԱԾ-ից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել