hetq.am: Վրաստանի զինված ուժերը և ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ սեպտեմբերի 7-ից Թբիլիսիի մատույցներում սկսել են զորավարժություններ։ «Ազնիվ գործընկեր» անվանումը կրող զորավարժություններին, որն անց է կացվում «Վազիանի» ռազմաբազայում և «Նորիո» ուսումնական ճամբարում, մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի մոտ 2800 զինծառայողներ։ Զորավարժությունները կձգվեն մինչև սեպտեմբերի 18-ը։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան զորավարժություններն անվանել է «երկրում խաղաղության երաշխիք»։ Բացման արարողության ժամանակ նա ընդգծել է, որ զորավարժություններն ուղղված չեն ոչ մեկի դեմ։
Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ 2008 թվականին հայտարարել էր, որ Վրաստանը շուտով կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Սակայն անդամակցության ֆորմալ գործընթացը դեռևս չի սկսվել։ Վրաստանի վարչապետ Գախարիայի խոսքերով՝ զորավարժությունները համարվում են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ջանքերի կարևորագույն մաս։
Ավելի վաղ Հայաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով հրաժարվել էր մասնակցել ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում կայանալիք զորավարժություններին։
comment.count (0)