Ալիևը Վրաստանին շնորհակալություն է հայտնել իր տարածքով Հայաստան զենք տեղափոխելը թույլ չտալու համար
 |aliq.ge|
09:52 - 22 սեպտեմբերի, 2020

Ալիևը Վրաստանին շնորհակալություն է հայտնել իր տարածքով Հայաստան զենք տեղափոխելը թույլ չտալու համար |aliq.ge|

aliq.ge: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ՝ Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով  զենք տեղափոխել Հայաստան, ինչի համար նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին:

«Բարձր եմ գնահատում Վրաստանի կառավարության գործողությունները: Ինչպես գիտեք, Վրաստանը թույլ չտվեց իր տարածքով զենք տեղափոխել Հայաստան: Դա է պատճառը, որ այժմ Հայաստան զենք է բերվում կասպյան պետությունների տարածքներով և օդային ճանապարհով: Վրաստանը հանդես է եկել որպես հուսալի գործընկեր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը», — հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնական այցը Վրաստան:

«Ադրբեջանը միշտ կանգնած է Վրաստանի կողքին: Այսօր վրաց ժողովուրդը գիտի, թե ով է իրենց ընկերը և ով՝ թշնամին», — հավելել է Ալիևը:

Ավելի վաղ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հերքել էր ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հայտարաություններն առ այն, որ  «Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանը Վրաստանի միջոցով զենք է ստացել Սերբիայից»:

Արտգործնախարարությունը հայտարարել  էր, որ հոդվածը երկու ռազմավարական գործընկերների միջև արհեստականորեն խնդիրներ ստեղծելու նպատակ ունի:

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Վրաստանն ու Ադրբեջանը կապված են ռազմավարական գործընկերությամբ և երկու ազգի երկարամյա բարեկամությամբ, որը զարգանում է և խորանում: Երկու երկրներն էլ կարևոր դեր ունեն տարածաշրջանում և միասին իրականացնում են բազում կարևոր տարածաշրջանային և միջազգային նախագծեր»,- հայտարարել էր նախարարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել