Դիանա Գալոյանը հորդորել է վերսկսել դասերը ՀՊՏՀ-ում |news.am|
16:14 - 24 սեպտեմբերի, 2020

Դիանա Գալոյանը հորդորել է վերսկսել դասերը ՀՊՏՀ-ում |news.am|

news.am: Տնտեսագիտական համալսարանում վերջին օրերին ճգնաժամային իրավիճակ է. համալսարանում ընդհանուր ժողովի կողմից ձեւավորված է կազմ կոմիտե. խնդիրը մեկ հարցի հետ է կապված, որ համալսարանում հուլիսի 17-ին տեղի է ունեցել ռեկտորի մրցույթը, սակայն դրա արդյունքները մինչեւ հիմա չեն հաստատվել: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Դիանա Գալոյանը, ով այդ մրցույթի արդյունքում ընտրվել է ռեկտոր:

Նշենք, որ համալսարանը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական պրոցեսը:

Գալոյանը ներկայացրեց այս ամբողջի նախապատմությունը՝ նշելով. «Երկու տարի Տնտեսագիտական համալսարանը չունի ռեկտոր, կառավարում են պաշտոնակատարները:

Այս տարվա հունիսին վերջապես հայտարարվեց մրցույթ եւ դրա արդյունքում ես ստացել եմ խորհրդի ընդհանուր ձայների 2/3-ը, եւ արդեն երկու ամսից ավելի սպասում ենք նշանակմանը: Համալսարանի գիտխորհուրդը դիմել է եւ վարչապետին եւ ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով անհապաղ հաստատել որոշումը, կամ պարզաբանեն, թե ինչու է ձգձգվում հաստատման գործընթացը: Դրանից անցել է շուրջ մեկ ամիս, մենք պատասխան չենք ստացել:

Դա էր պատճառը, որ համալսարանի կոլեկտիվը որոշեց ակցիա անել, երթով գնաց կառավարություն հարցի պատասխանը ստանալու համար: Այնտեղ խոստացան 1-2 ժամվա մեջ պատասխան տան, բայց դեռ չեն արձագանքել: Սա մեզ համար անընդունելի է»,-ասաց Գալոյանը՝ հավելելով, որ ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը կառավարության կողմից օրենքի իմպերատիվ պահանջն է:

«Փաստորեն ձգձգվում է օրենքի իմպերատիվ պահանջի կատարումը, ինչն առաջացնում է մտահոգություն կոլեկտիվում: Մենք այս քայլին գնացել ենք այն պատճառով, որովհետեւ երկխոսության բոլոր մեթոդները սպառել ենք: Կարծում ենք, որ իրավական պետությունում նման վերաբերմունքը բուհի, կրթության հանդեպ չի կարելի ընդունելի համարել: Մյուս կողմից մեզ որոշակիություն է պետք: Օրինակ, մեր բուհը միջազգային մի քանի ծրագրերի հաղթող է, եւ մեր միջազգային գործընկերները պայմանագիր չեն կնքում պարտականությունները կատարողի հետ, որովհետեւ գտնում են, որ մի քանի ծրագիր է, դրա համար պետք է վերջնական ակտը ստորագրողը լինի»,-ասաց Դիանա Գալոյանը:

Նա խոստովանեց, որ ուսումնական պրոցեսի դադարեցումը պայքարի ընդունելի տարբերակ չէ, դա ընդունելի էր այնքանով, որքանով եր ձայնը լսելի կդառնար. «Ես հորդորում եմ վերսկսել ուսումնական գործընթացը, բայց նաեւ պատրաստվում ենք կոլեկտիվով մեր պայքարը այլ հարթակներում իրականացնենք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել