armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ Դատարանի նախագահի պաշտոնում նոր թեկնածուի կարիք է տեսնում: Վահե Գրիգորյանն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, Գրիգորյանը հակիրճ պատասխանեց. «Կարծում եմ մենք նոր թեկնածուի կարիք ունենք»։
Գրիգորյանը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 25-ին շարունակվող ՍԴ աշխատակարգային նիստի ընթացքում 3-4 դատավոր հարցեր են ուղղել Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանին։
Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին և շարունակվում է մինչ օրս: Սեպտեմբերի 24-ին աշխատակարգային նիստի ընթացքում Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել էր ՍԴ նախագահի պաշտոնում, իսկ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն Աշոտ Խաչատրյանը ինքնաբացարկ էր հայտնել. արդյունքում ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: Հրայր Թովմասյանը հայտնել է, որ չի մասնակցելու ՍԴ նախագահի ընտրության գործընթացին:
ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ գաղտնի քվեարկությամբ:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին : Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:
comment.count (0)