Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարելուց անմիջապես հետո ՀՀ Հանրային խորհուրդն սկսել է աշխատել արտակարգ ռեժիմով: ՀԽ անդամներն ու նախագահն իրենց լիակատար պատրաստակամությունն են հայտնել տրամադրելու անհրաժեշտ ժամանակը՝ ՀԽ լիազորությունների և իրավասությունների սահմաններում քննարկելու և իրագործելու բոլորը այն քայլերը, որոնք ռազմաճակատի թիկունքում կարող են նպաստել կամ լրացնել պետական քաղաքականությանն ու դիվանագիտական աշխատանքին: Այս մասին հյատարարությւոն է տարածել Հանրային խորհուրդը։
Ինչպես տեղեկացրին Հանրային խորհրդի քարտուղարությունից, արտահերթ ևս մեկ նիստում Հանրային խորհրդի միաձայն որոշմամբ հստակեցվել են օպերատիվ աշխատանքային խմբի գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրները, ըստ որի՝ այն հստակ քայլեր կիրականացնի ստեղծված իրավիճակում հանրային տարբեր շրջանակների հետ կապերն ամրապնդելու, հանրային և տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում առաջացած հնարավոր խնդիրների վերհանման և դրանց մասով առաջարկների մշակման, միջազգային գործընկերներին ամենօրյա ռեժիմով տեղեկատվության տրամադրման ուղղությամբ, ինչպես նաև ակտիվ կհամագործակցի պետական կառավարման մարմինների և սփյուռքի գաղթօջախների հետ՝ ապահովելով արագ արձագանք և/կամ խորհրդատվություն:
«ՀԽ անդամ և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանը՝ որպես ոլորտը ներկայացնող անձ և տեղեկատվության անմիջական կրող, ներկայացրեց մասնավորապես տնտեսական դաշտում առկա իրավիճակը՝ ընդգծելով, որ տնտեսական գործունեությունը ռազմական դրությամբ պայմանավորված որևէ էական փոփոխությունների չի ենթարկվել, ներմուծումն ու արտահանումն իրականացվում են ամբողջ ծավալով և առաջարկեց հավանություն տալ այս հարցի առնչությամբ առանձին հաղորդագրությամբ հանդես գալու միության մտադրությանը, որը ևս միաձայն ընդունվեց խորհրդի կողմից: Սա կարևոր ուղերձ պետք է լինի Հայաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվող կամ նման մտադրություններ ունեցող տեղական կամ միջազգային ներդրողների համար, ովքեր ստեղծված իրավիճակում կարող են այս կամ այն մտահոգությունն ունենալ իրենց հետագա գործունեության առնչությամբ:
Միջազգային հարթակներում հայկական կողմի ձայնը լսելի դարձնելու համար ու արտաքին դիվանագիտությանն ի լրումն՝ որոշում կայացվեց քայլեր ձեռնարկել երկու հիմնական ուղղություններով.
– Շարունակել հանդիպումները ՀՀ-ում մի շարք երկրների դեսպանների հետ՝ ներկայացնելու առկա խնդիրների և հարցերի վերաբերյալ հանրային կարծիքը, դիրքորոշումն ու տրամադրությունները ՀՀ-ում և Արցախում:
– Ուղերձներ հղել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կառույցներին՝ կոչով, որպեսզի վերջիններս զերծ մնան ռազմական գործողություններին միջամտելուց և առաջնագծում պատերազմելուց, քանի որ առկա կոնֆլիկտը մեզ ոչ թե հակադիր, այլ պայքարի միևնույն կողմում է դնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
comment.count (0)