Տասը օրից ավելի է՝ արցախա-ադրբեջանական սահմանին ընթանում են Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունները։ Այս ողջ ընթացքում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հայաստանցիներն ու արցախցիները, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը միանշանակ պնդում են՝ հաղթելու ենք։
Հաղթանակը տարբեր մարդիկ տարբեր կերպ են պատկերացնում՝ սահմանները պահել անառիկ, ազատագրել նոր տարածքներ, ջախջախել հակառակորդի բանակը, վերջում էլ Արցախ-Հայաստանում միացում։
Պատերազմը քաղաքականության շարունակությունն է՝ այլ միջոցներով ու տարբերակներով, եւ ցանկացած պատերազմ պետք է լուծի քաղաքական հարց։ Այս կարծիքին է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
Վերջինս Infocom-ի հետ զրույցում հաղթանակ ասվածի երկու նշաձող առանձնացրեց՝ չթողնել, որ թշնամին իրականացնի իր առջեւ դրված նպատակներն ու խնդիրները, եւ հասնել քո առջեւ դրված խնդիրներին ու նպատակներին։
«Եթե խնդիրը սեպտեմբերի 26-ի դրությամբ մեր ունեցած դիրքերից թշնամու առաջխաղացումը կանխելն է, դա մի բան է, այլ բան է՝ ինչ քաղաքական նպատակներ են դրված կառավարության առջեւ»,- ընդգծեց ԼՀԿ-ական պատգամավորը։
Նրա համոզմամբ՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարութունը հիմա անում է ամեն հնարավորն ու անհնարը, որ կարողանանք պահպանել այն, ինչ ունենք, դեռ մի բան էլ կարողնանաք հաղթող դուրս գալ այս իրավիճակից․
«Ես վստահում եմ մեր ռազմական ղեկավարությանը, ես հավատում եմ ՀՀ-ին, Արցախի պաշտպանության բանակի շտաբին եւ նրանց կոմպետենտությանը»,- ասաց Կարեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այս պահին մեզնից հասնում է թիկունքը պինդ պահել, կատարել մեր աշխատանքը եւ այնպես անել, որ պետությունը կարճ ժամանակահատվածում կարողանա վերականգնվել։
Սեդա Առաքելյան
comment.count (0)