- Շատ փորձագետներ ասում են, որ սա աննախադեպ պատերազմ է 21-րդ դարում, որովհետև այստեղ օգտագործվում են զենքերի բոլոր տեսակները՝ տանկեր, ԱԹՍ-ներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, զրահատեխնիկա, հրետանի, հրթիռային հրետանի և այլն։ Եվ շատ զինվորներ ու զորքեր են ներգրավված այս ռազմական գործողությունների մեջ։ Այսինքն՝ շատ մասշտաբային և դաժան կռիվներ են ընթանում, և այս պահին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակը պահում է պաշտպանությունը։ Փաստացի, կարող ենք ասել, որ բլիցկրիգի միջոցով Լեռնային Ղարաբաղը վերահսկողության տակ առնելու Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը ձախողվել են:
- Պարո՛ն վարչապետ, մենք հաճախ լսում ենք օտարերկրացի զինյալների և ահաբեկիչների մասին, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից։ Ունե՞ք դուք դրա ապացույցները, և կռվու՞մ են արդյոք օտարերկրացիներ Հայաստանի կողմից։
- Դրա մասին արդեն ամբողջ աշխարհն է խոսում։ Սա շատ կարևոր նյուանս է, կարևոր է նրա համար, որ կօգնի հասկանալ, թե ով և ինչ նկատառումներով է սկսել այս պատերազմը։ Իհարկե կան կոնկրետ ապացույցներ, որ սիրիացի զինյալ-ահաբեկիչները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի դեմ կռվին։ Այդ վիդեոապացույցներն արդեն հրապարակված են սոցցանցերում և ԶԼՄ-ներում։ Եվ հիմա ակնհայտ է, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը։ Թուրքիան է վարձել և ուղարկել այդ զինյալ-ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Թուրքիայի որոշմամբ ու հովանավորության ներքո որոշվել է սկսել պատերազմ, հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ։ Կարևոր է հասկանալ, թե ինչու՞։ Որովհետև ակնհայտ է՝ ադրբեջանական բանակը միայնակ ի զորու չէ պատերազմել Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի դեմ։ Դրա համար էլ Թուրքիան որոշեց ներգրավել ահաբեկիչներին, թուրքական զորքերին. նրանք ներգրավված են ոչ միայն ռազմական գործողությունների ղեկավարությանը, այլ նաև ուղղակիորեն թուրքական բանակի հատուկ նշանակության ուժերին: Որոշ տեղեկություններով` ռազմական գործողություններին ներգրավված են նաև Պակիստանի բանակի ստորաբաժանումները։ Եվ ես կարծում եմ, որ ինչ վերաբերում է առնվազն Թուրքիայից զինյալների մասնակցությանը, դա արդեն ապացուցվել է ամբողջ աշխարհում, քանի որ միջազգային շատ լրատվամիջոցներ արդեն գրում են այդ մասին:
Վերջին օրերի ընթացքում շատ հետաքրքիր տեղեկություններ ստացվեցին Ռուսաստանից՝ Հյուսիսային Կովկասից, երբ Չեչնիայում, Դաղստանում զինյալներ ոչնչացվեցին, և տեղեկություններ կային, որ այդ զինյալները Ռուսաստան եկել էին արտերկրից, եկել էին Սիրիայից: Եվ այս գործընթացում ես անմիջական կապ եմ տեսնում. Սիրիայից զինյալները Թուրքիայի կողմից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որպեսզի պատերազմ սկսեն Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ հիմա նրանք սկսել են հայտնվել Հյուսիսային Կովկասում: Սա շատ ուշագրավ փաստ է, որը ցույց է տալիս, որ այս իրավիճակն արդեն պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին չէ, այլ դուրս է եկել դրա սահմաններից՝ լոկալ իմաստով: Այն արդեն տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտություն է, որը շոշափում է տարածաշրջանային երկրների կոնկրետ շահերը: Եվ ես կարծում եմ, որ հատկապես Ռուսաստանում պետք է շատ ուշադիր լինեն այդ փաստի նկատմամբ: Ինչ վերաբերում է հայկական կողմին, իհարկե, չկա որևէ օտարերկրացի, ով Ղարաբաղի կողմից է կռվում: Կարող են լինել որոշ հայեր, ովքեր եկել են սփյուռքից՝ աջակցելու իրենց հայրենակիցներին: Բայց, իհարկե, նրանց չի կարելի համարել վարձկաններ:
comment.count (0)