armenpress.am: Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների ընթացքում մշակութային կառույցներին պատճառված վնասներն ուսումնասիրելու, գնահատելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանձնախումբ է ձևավորել:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ասաց, որ հանձնախմբում ընդգրկված են հնագետներ, ԻԿՕՄ Հայաստանի անդամներ, մասնագետներ Արցախից:
«Հանձնախումբն անդրադառնալու է ոչ միայն Արցախում վնասված մշակութային արժեքներին, այլև Հայաստանի սահմանամերձ գոտիներին, որոնց մշակութային կոթողները ևս ապահովագրված չեն ոտնձգություններից: Արդեն սկսել ենք աշխատել: Թող ամեն ինչ հանդարտվի, և կարող ենք ներկայացնել այն, ինչ արել ենք»,- ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանն Արցախում թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, Խաչատուրյանն ասաց, որ անմիջապես գրություններ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Հուշարձանների համաշխարհային հիմնադրամին, Համաշխարհային ժառանգության հիմնադրամին, Հնագետների եվրոպական ասոցիացիային, Թանգարանների միջազգային խորհրդին, ԻԿՕՄՕՍ-ին և մի շարք այլ միջազգային կառույցների:
Նրա խոսքով՝ որոշ կառույցներ արձագանքել են և դատապարտող հաղորդագրություններ տարածել: «Մենք գալիս ենք մի եզրակացության, որ մենք և միայն մենք մեր ուժերը, մեր կամքը պետք է բանեցնենք ամեն հարցում»,- շեշտեց Նարինե Խաչատուրյանն ու նշեց, որ առաջին դեպքը չէ, երբ պատերազմի պատճառով մշակութային արժեքներ են կործանվում, և դրա վառ օրինակը Մերձավոր Արևելքն է:
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, որի հետևանքով վիրավորում են ստացել 3 ռուս լրագրող:
comment.count (0)