Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է զարգացում ապահովել անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում․ Արծրուն Հովհաննիսյան
22:23 - 27 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է զարգացում ապահովել անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: Միաժամանակ, մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտական գործողությունները եղել են հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև  լարվածությամբ»,- նշեց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է մի քանի գյուղերի ուղղությամբ։

«Հիմնականում` բնակավայրերին մոտիկ անտառներում և այլն: Հարավային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացումը ունի հետևյալ տեսքը. Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա»,- ասաց նա՝ ցուցադրելով նաև ռազմաճակատում իրավիճակը ներկայացնող քարտեզ։

Հովհաննիսյանը հայտնեց, որ գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է:

«Որպես կանոն, փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազեն սպառազինություն և մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են, անտառներով և լեռներով  փորձում են այլ ուղղություններ զարգացնել: Եվ այս ուղղությամբ, կարծես, 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, և կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ հաջողության չեն հասել:

Լուսանկարը՝ Հայկական միասնակա տեղեկատվական կենտրոնի

 

Հովհաննիսյանը վստահեցրեց, որ հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախմբերը և այլք, փորձում են զարգացում ապահովել նաև անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում, և ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել