Արտակ Բեգլարյանն ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահին և Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորի
15:15 - 03 նոյեմբերի, 2020

Արտակ Բեգլարյանն ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահին և Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորի

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ընդունել է Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր Բիրգիր Թորարինսոնին և կանադական «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջեդ Էլ Շաֆիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող վայրագությունները, որոնք ուղեկցվում են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ու պատերազմական հանցագործություններով:

Ներկայացնելով Պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքում հավաքագրված փաստերը՝ Արտակ Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և օբյեկտների, ինչպես նաև հումանիտար գործառույթներ իրականացնող անձանց և կառույցների թիրախավորման դեպքերին:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ համաշխարհային իրավապաշտպան համայնքը պետք է արձանագրի տեղի ունեցող հանցագործությունները և ակտիվ քայլեր ձեռնարկի իրականությունը քաղաքական որոշում կայացնող շրջանակներին հասանելի դարձնելու և գործնական արձագանքներ երաշխավորելու համար:

Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորը և «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահը շեշտադրել են, որ պատերազմը և ադրբեջանական հանցագործությունները պետք է օր առաջ դադարեն՝ մարդու իրավունքների պաշտպանությունը համարելով առաջնահերթություն: Նրանք ընդգծել են, որ անկախ որևէ կարգավիճակից ու հանգամանքից, Արցախի բնակիչները պետք է լինեն միջազգային պաշտպանության ներքո՝ հաշվի առնելով նաև մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել