Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, պիտի կորցնեինք ամբողջ Արցախը․ ԱՀ նախագահ
10:18 - 10 նոյեմբերի, 2020

Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, պիտի կորցնեինք ամբողջ Արցախը․ ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․

«Նոյեմբերի 8-ի առավոտյան, քայլելով Ստեփանակերտի հրապարակում, ես նշել եմ, որ եղել է իմ կյանքի ամենածանր գիշերներից մեկը և ամենածանր լուսաբացներից մեկը: Ինչո՞ւ եմ հայտարարել`չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ:

Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել 92, 94 թվականին կորցնելով շատ հարազատներ: Այն որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչպիսի գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել: 

Ինչո՞ւ: Նախ ռազմական վիճակի առումով: 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին։

Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում` 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը։ Ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները, տեղափոխվելով ինչ-որ տող մեր առաջնագծի ամենաթիկունք, անդառնալի  հետևանքներ կունենայինք առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավամդ մեր ժամկետային զինվորների մասով։

Չեմ ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների առումով: Ինչ-որ տեղ, կրկնում եմ, շրջափակման մեծ հնարավորություններ կարող էինք ունենալ։

Կարծես թե մի քանի օր հաջողվել էր մեզ պաշտպանվել մեր հակաօդային ուժերի առումով ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդը, չգիտեմ՝ նոր տեխնոլոգիաների, թե նոր ԱԹՍ-ների միջոցով, հնարավորություն ունեցավ նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել միայն երեկ՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում, Մարտունու շրջանում:

Ինչո՞ւ չհաջողվեց. մենք բոլորս պատասխան ենք տալու, այո, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ մեր ՊԲ-ն այդ կարիքն ուներ, այդ խնդիրն առկա է: Բոլորս, ովքեր զբաղեցրել ենք պաշտոններ վերջին տասնամյակներում: Ընդհանուր առմամբ, բանակի վիճակի առումով պետք է ապագայում, և համոզված եմ, որ գնահատականը լինելու է: 

Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետանակոծություն... Եվ այդ ամենով, բայց կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության զինված ուժերի։

Հաստատ մենք Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտադաշտում և մարտական գործողությունների ընթացքում. Թուրքիայի զինվորների մասնակցությունը ևս եղել է, ահաբեկիչների, վարձկանների` տարբեր երկրներից: Կռվում էին հայ կամավորը և հայ զինվորը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել