Հնարավոր չէ իրավիճակը շտկել  մի մարդու միջոցով, ով պետական շահերը ոտնահարել է. Արմեն Ռուստամյան |aravot.am|
20:24 - 12 նոյեմբերի, 2020

Հնարավոր չէ իրավիճակը շտկել մի մարդու միջոցով, ով պետական շահերը ոտնահարել է. Արմեն Ռուստամյան |aravot.am|

aravot.am: «Մեծ հարված ենք ստացել, ուղղակի տաք ենք, չենք հասկանում դեռ»,- այսօր Մատենադարանի մոտ հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց ՀՅԴ նախկին պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, որ պետք է հիմա գոնե կարողանանք շտկել իրավիճակը. «Հնարավոր չի դա կատարել մի մարդու միջոցով, ով պետական շահերը ոտնահարել է: Կգան մարդիկ, ովքեր այս մեղքի մեջ չեն, շահերը չեն ոտնահարել»: Հարցին՝ արդեն ստորագրված փաստաթուղթ կա, ինչպե՞ս է հնարավոր մի բան փոխել, գործընթացը ընթանում է՝ Ռուստամյանը պատասխանեց. «Մենք իսկապես ունենք մի համաձայնություն, որը կատարված փաստի առաջ է բոլորս կանգնեցրել, բայց ունենք հնարավորություն դաշտում այնպես աշխատել, որ հնարավոր առավելագույնը անենք, մեր շահերը պաշտպանված լինեն: Բայց դա Նիկոլը չի, որ կարող է անել, ինքն արդեն ոտնահարել է»:

Թե ո՞վ է այդ հաջորդը, որը կարող է փոխարինել Փաշինյանին՝ Ռուստամյան պատասխանեց. «Երբ ասում են ով, ով, վիրավորական է, հայ ժողովրդի արգանդը չի չորացել, էդ անունները կգտնվեն անպայման»: Ըստ նրա, կամիկաձե պետք է լինել՝ այս ավերակների վրա իշխանության գալու համար, ուստի երբ ասում են՝ իշխանության են ձգտում, ճիշտ չէ:

Ըստ Ռուստամյանի, Փաշինյանը թուլացրել է մեր պաշտպանունակությունը, ջլատել է հասարակությանը սեւերի ու սպիտակների, հիմա էլ նույն «թույնն ու թարախն» է շարունակում. «Ես առաջին գծից մարդիկ ունեմ, որոնք գնացել են Շուշին պաշտպանելու՝ առանց բռոնի ժիլետի ու կասկայի:

Ասկոլկայից վիրավորում են ստացել մենակ էն պատճառով, որ ոչ կասկա են ստացել, ոչ բռոնի ժիլետ, ասում են՝ նորից գնացեք գրոհի: Ասել են՝ գնանք գրոհի, ժիլետ է պետք, ասել են՝ գնացեք դիակների վրից հանեք: Շատ բան չգիտեք, հանրությանը հասանելի է դառնալու, ողբ է լինելու, էդ թափթփվածության մեղավորը ինքն է: Ասում է՝ ջոկատներ ստեղծեք, մենք ջոկատներից բանակ էինք ստեղծել, էս մարդը հետ է տանում»:

Նա ասաց, որ խաղաղ ճանապարհով են մտադրված հասնել հարցի հանգուցալուծմանը, բայց սպասում է, որ ձերբակալություններ կլինեն, բայց չի խորշում դրանից. «94-ին 2,5 տարի նստել եմ, հիմա էլ կնստեմ»: Այս պահին հանրահավաքի մասնակիցները ԱԱԾ-ի մոտից շարժվում են դեպի Ազատության հրապարակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել