ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Տաշիրի քաղաքապետարանում, ուսումնական և այլ հաստատություններում
20:10 - 30 նոյեմբերի, 2020

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Տաշիրի քաղաքապետարանում, ուսումնական և այլ հաստատություններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ստուգայց են իրականացրել Տաշիրի նախադպրոցական ուսումնական հաստատություններում, բանկերում, առևտրի և սպասարկման սրահներում, խանութներում։

Covid-անվտանգության կանոնների պահպանումը դիտարկվել է նաև Տաշիրի քաղաքապետարանում, որտեղ առանձնակի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

 

Դպրոցները և մանկապարտեզները մասնակիորեն վերսկսել են իրենց աշխատանքը։ Կարևորելով դրանց համար սահմանված նորմերի պահպանումը՝ նշյալ հաստատություններն ԱԱՏՄ մասնագետների ուշադրության կենտրոնում են։ Այսօրվա դիտարկման արդյունքներով՝ մանկապարտեզներում սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները հիմնականում պահպանվում են։

ԱԱՏՄ-ն կրկին հիշեցնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 30-ն հրամանով (Հավելված 18) նախադպրոցական հաստատությունների համար սահմանվել են առանձին կանոններ։ Ըստ այդմ՝ այս հաստատությունների ղեկավարների ուշադրությունն է հրավիրվել նորմերի պահպանման վրա:

ԱԱՏՄ՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը սպասարկող հյուսիսային տարածքային կենտրոնի վերջին շրջանի ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն առավել հետևողական են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված կանոնների պահպանման հարցում։ Սակայն դեռ արձանագրվում են որոշակի խախտումներ՝ հիմնականում տեղում շտկման ենթակա։ Դրանց շարքում են, օրինակ, գրանցամատյանները հին ձևաչափով լրացնելու թերությունները։

Տեսչական մարմնի մասնագետները ստուգայցերի ընթացքում ներկայացնում են Covid-անվտանգության կանոնները, իրազեկում ՀՀ առողջապահության նախարարի վերջին հրամանով դրանց խմբագրումների մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել