1lurer.am: Ամենակարևորը, ինչին սպասում են «Ժառանգությունը» և ես, հետևյալն է՝ ի՞նչ ենք անում, ո՞վ է գալու: Այդ «ով»-ը շատ կուզենայի, որ լինի ոչ թե պարզապես անձ, այլ ծրագրի, գաղափարների համախմբում: Այս մասին ԱԺ խորհրդարանական լսումների իր ելույթում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը:
Նա ընդգծեց, որ եթե խոսքը համաձայնության կառավարության մասին է և ընդհանուր ծրագրերի, կարծում է՝ առաջին տեղում պետք է լինեին տեխնոկրատիան և մասնագետները:
«Մենք տեսանք, թե ինչի հանգեց այն իրողությունը, երբ փորձ, մասնագիտական կարողունակություն չունեցող մարդիկ ստանձնեցին պաշտոններ՝ շատ գեղեցիկ խոսքեր ասելով»,- ասաց Դիլբարյանը՝ նշելով, որ չպետք է կրկնել նախորդ սխալները, քանի որ դյուրին է մեղադրել միմյանց՝ ասելով՝մեկը ազգային է, մյուսը՝ ոչ. այդ խոսույթից էլ պետք է փորձել բարձրանալ՝ հանրությանը ներկայացնելով մասնագիտական հանրույթի կարծիքները:
Դիլբարյանը կարծում է, որ վարչապետի թեկնածու առաջադրած բոլոր ուժերը պետք է ներկայացնեն նաև այն թիմը, որոնց միջոցով իրենք առաջ են գնալու՝ նշելով, որ ներկայացված գրեթե բոլորի ծրագրերը համընկնում են:
Նարինե Դիլբարյանն ասաց, որ պետք է վստահել գաղափարին, թիմում ընդգրկված մարդկանց, և միայն այդ պարագայում կկարողանանք վերականգնել ՀՀ ինքնիշխանությունը և մտածել այն մասին, որ կարող ենք հաղթել:
«Պետք է դնենք գաղափարներ և թիմ. դա հստակ է և հաջողության բանալին է»,- ասաց Դիլբարյանը:
comment.count (0)