ԱՄՆ նոր վարչակազմը հակված է միանալ միջուկային գործարքին. Իրանի ԱԳՆ խոսնակ |tert.am|
16:52 - 07 դեկտեմբերի, 2020

ԱՄՆ նոր վարչակազմը հակված է միանալ միջուկային գործարքին. Իրանի ԱԳՆ խոսնակ |tert.am|

tert.am: ԱՄՆ հաջորդ վարչակազմը, կարծես, պատրաստ է միանալ 2015 թվականի միջուկային գործարքին և վերջ դնել Իրանի դեմ «տնտեսական ահաբեկչությանը», հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, գրում է Tasnim News Agency-ն։

Ելույթ ունենալով ամենշաբաթյա մամուլի ասուլիսում՝ Խաթիբզադեն հայտարարել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի կոմից՝  գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու մտադրության և Իրանի դեմ «տնտեսական ահաբեկչությանը» դադարեցնելու մասին մի շարք հայտարարություններ են հնչել:

ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արդեն նշել է, որ Թեհրանի՝  ԳՀՀԾ-ի շրջանակում ունեցած պարտավորությունները կկատարվեն միայն այն այն դեպքում, երբ մյուս կողմերը կվերսկսեն իրենց պարտավորությունների կատարումը, հավելել է Խաթիբզադեն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահական ընտրությունների հավանական հաղթող Ջո Բայդենը The New York Times թերթին տված հարցազրույցում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն էր հայտնել։

Բայդենի խոսքով՝ ապագա վարչակազմը մտադիր է «դաշնակիցների և գործընկերների հետ մասնակցել բանակցություններին և մշակել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կամրապնդեն և երկարացնեն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումների գործողությունը»։

Բայդենը նաև ընդգծել էր, որ համաձայնագիրը, որը կվերահսկի Թեհրանի միջուկային ծրագիրը, համարում է «տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն գործիքը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել